Մինչեւ 2017 թվականի վերջ Հայաստանում 10 մեգավատտով կհամալրվեն արեւային կայանների քվոտաները։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտարարեց Էներգետիկ ենթակառույցների եւ բնական ռեսուրսների փոխնախարար Հայկ Հարությունյանը։

Նրա խոսքով՝ արդեն 3,5 Մ/ՎՏ-ի լիցենզիայի հայցադիմում է ստացվել։ Շատ են նաեւ նոր ցանկացողները։ Քվոտայի շրջանակում էլեկտրակայաններ կառուցողները արտոնյալ սակագին կստանան։ Այսպիսով, նրանք կկարողանան ծածկել մի քանի տարվա ներդրումների ծախսերը, մինչեւ արեւային պանելների՝ ավելի էժան դառնալը։

«Տեխնոլոգիաները շատ արագ են զարգանում եւ ամսեամսի ավելի էժան դառնում։ Բացառված չէ, որ 2-3 տարի անց արեւային էներգիան կարող է մրցակցել նույնիսկ հիդրոէներգետիկայի հետ։ Բայց մենք ցանկանում ենք, որ արդեն այսօր խոշոր արեւային կայաններ ունենանք»,-հավելեց Հարությունյանը։

Նշենք, որ մեկ այլ նախագծով Հայաստանում արդեն արեւային կայանի կառուցման մրցույթ է հայտարարվել՝ 55 մեգավատտ հզորությամբ, Սեւանա լճի հարավային ափի մերձակայքում՝ Մասրիկ բնակավայրում։ Կհաղթի ներդրողը, որը լավագույն պայմանների հետ միասին կառաջարկի նաեւ էժան սակագին։

Այժմ Հայաստանում երկու խոշոր արեւային կայաններ մի քանի տասնյակ կիլովատտ հզորություն ունեն։ Ընդհանուր առմամբ, Հայաստանում էլեկտրաէներգիայի հավասարակշռության առումով արեւային էներգիան փոքր մասնաբաժին ունի։