Տավուշի մարզի Ենոքավան համայնքում այսօրվանից՝ հուլիսի 5-ից, զբոսաշրջիկների առաջ  դռներն է բացել զբոսաշրջության զարգացման տեղեկատվական կենտրոնը:

Կենտրոնից NEWS.am-ին հայտնում են, որ բացման արարողությանը մասնակցեցին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) գործադիր տնօրեն Լեւոն Մնացականյանը, ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի եւ նրա գործընկերների կողմից իրականացվող «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի ղեկավար Սյունիք Թադեւոսյանը, Ենոքավանի զարգացման հիմնադրամի նախագահ Արտակ Չիբուխչյանը, հյուրեր Տավուշի մարզպետարանից, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործընկեր կազմակերպություններից,  միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Լեւոն Մնացականյանն ասաց. «Այսօր Ենոքավան համայնքում մենք ազդարարում ենք նոր ենթակառուցվածքի բացում, որը լի է համայնքի եւ տարածաշրջանի զբոսաշրջությունը զարգացնելու ներուժով եւ միտված է բավարարելու տուրիստների ակնկալիքները»: Ըստ Մնացականյանի՝ զբոսաշրջությունն զարգացումն առաջնահերթ ուղղություններից մեկն է կառավարության եւ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի համար: «Այս կենտրոնը խոստանում է լինել կարեւոր հանգրվան, տեղեկատվական կենտրոն եւ կարճատեւ հանգստի վայր այցելուների համար: Այն նաեւ նպաստելու է Ենոքավանի մասին տեղեկատվության տարածմանը եւ որպես զբոսաշրջային արժեշղթայի գործունեության արդյունք՝ նպաստելու է նոր հյուրատների եւ տուրիստական այլ ենթակառուցվածքների ստեղծմանը»,- ասաց Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրենը: 

«Զբոսաշրջության ոլորտի զարգացումը Հայաստանի տնտեսության եւ մարզերի լայնածավալ զարգացումն ապահովելու լավագույն ուղիներից մեկն է»,- ասաց Դեբորա Գրիզերը: Ենոքավանի զարգացման հիմնադրամի նախագահ Արտակ Չիբուխչյանը շնորհակալություն հայտնեց հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ին, ԱՄՆ ՄԶԳ-ին եւ «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP)  ծրագրին՝ այս թիրախային ծրագիրն իրականացնելու համար: Նա նշեց, որ Չիբուխչյան ընտանիքն ուրախ է ընդգրկվել եւս մեկ ծրագրում, որն ուղղված է Ենոքավան համայնքի զարգացմանը: Արտակ Չիբուխչյանը հիշեցրեց, որ իրենք 2000 թ.-ից զարգացման տարբեր ծրագրեր են իրականացրել Ենոքավան համայնքում՝ Ապագա ռեզորթ ժամանցի ակցումբը, Ֆրանսիայի Վիլկրոզ համայնքի հետ՝ տնտեսական զարգացմանը, հատկապես զբոսաշրջությանը միտված գործընկերությունը, «Ել էքտրիմ պարկի» հիմնումը:

«Մենք համոզված ենք, որ Ենոքավանի զբոսաշրջության զարգացման տեղեկատվական կենտրոնը առաջ կմղի մեր նպատակները եւ կօգնի մեզ մշտապես կապ պահպանել մեր համայնք այցելող բոլոր զբոսաշրջիկների հետ: Մենք ակնկալում ենք երկարատեւ եւ հաջողված համագործակցություն, որի ընթացքում մենք կառաջադրենք Ենոքավանի զարգացման նորանոր գաղափարներ»,- ասաց Չիբուխչյանը:

Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը նույնպես ողջունեց կենտրոնի բացումը եւ համոզմունք հայտնեց, որ դրա գործունեությունը կնպաստի տեղական տնտեսության զարգացմանը: «Հյուրընկալությունը Հայաստանում խոր արմատներ ունի: Դեռեւս 4-րդ դարում Ներսես Մեծ կաթողիկոսի հրամանով երկրում ստեղծվեցին բազմաթիվ իջեւանատներ, եւ Հայաստանի բնակիչներն սկսեցին ակտիվորեն ընդունել օտարերկրյա հյուրերին: Աստված թող օրհնի  Ենոքավանը, Տավուշը, Հայաստանը եւ ձեզ՝ ձեր բոլոր նախաձեռնություններում»,- նշեց սրբազան հայրը:

«Ենոքավանի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնը» վերակառուցվել է Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի եւ Ենոքավանի զարգացման հիմնադրամի համագործակցության շնորհիվ՝ ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի շրջանակում, որն իրականացնում են Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը եւ նրա գործընկերները:

USAID/PRP ծրագիրը, համայնքի զարգացման գործընթացն ավելի համակարգելու եւ ավելի նպատակային եւ ուղղորդված դարձնելու համար՝ ՏՏԶ բաղադրիչի շրջանակում, ծրագրի գործընկեր EV Consulting ընկերության միջոցով, Ենոքավանի զարգացման հիմնադրամի հետ սերտ համագործակցությամբ, մշակել է «Ենոքավան. համայնքային զարգացման ծրագիրը», որը   2017թ. ապրիլի 20-ին ներկայացվել է նաեւ ՀՀ վարչապետին՝ չեմպիոն համայնքների հետ հանդիպման ընթացքում: Զբոսաշրջության զարգացման տեղեկատվական կենտրոնի բացմանը այն ներկայացվեց նաեւ հյուրերին: Ավելի վաղ ռազմավարությունը քննարկվել էր համայնքի ներկայացուցիչների հետ եւ արժանացել նրանց բարձր գնահատականին:

Կենտրոնում զբոսաշրջիկները հնարավորություն կունենա տեղեկություն ստանալ մոտակա հյուրատների, վրանային գոտիների, ձիարշավարանների, հետիոտն արահետների, արկածային շրջագայությունների եւ այլ զբոսաշրջային հնարավորությունների մասին: Կենտրոնի գործունեության նպատակներն են լինելու՝ Ենոքավանի՝ Հայաստանում որպես զբոսաշրջության հիմնական ուղղություններից մեկը, զարգացումը, զբոսաշրջիկների այցելությունների թվի ավելացումը եւ նրանց հոսքի կանոնավոր կազմակերպումը, Ենոքավան համայնքի մասին իրազեկության բարձրացումը, համայնքի գործարարներին աջակցության տրամադրումը,  գործարար դասընթացների եւ հանդիպումների կազմակերպումը: Կենտրոնը ծառայելու է նաեւ որպես Ենոքավանի զարգացման հիմնադրամին կից զբոսաշրջային տեղեկատվական գրասենյակ: