Մահապատժի հարցում Բելառուսի իշխանությունները չեն կարող ընդդեմ ժողովրդի կամքի գնալ: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն:

«Մեզ կոչ են անում մահապատիժը չեղարկել: Մենք այդ առաջարկները լսում ենք, եւ ոչ միայն լսում ենք: Սակայն ոչ մի պետություն չի կարող գնալ ընդդեմ ժողովրդի կամքի, որի մեծամասնությունը հանրաքվեի ժամանակ քվեարկել է այն պահպանելու օգտին: Ոչ մի քաղաքակիրթ եվրոպական պետություն»,- ասել է Լուկաշենկոն:

Նա հիշեցրել է, որ Բելառուսին համապատասխան պահանջներ են ներկայացվել դեռեւս նրա անկախության արշալույսին: Երկրից պահանջում էին այդ հարցով հանրաքվեի անցկացում. «Մենք, որպես երիտասարդ ինքնիշխան պետություն, ականջալուր եղանք ձեր խորհուրդներին` այդ հարցը հանրաքվեի դրեցինք եւ արդյունքը ստացանք: Հիմա դրանից հրաժարվելու համար, ժամանակ է անհրաժեշտ: Ուստի, խնդրում եմ, մեզ մի շտապեցրեք: Մենք գիտենք, թե դա ինչ է եւ ձեր պահանջները որոնք են: Վստահ եմ, որ մենք աստիճանաբար կհանգենք այդ խնդրի լուծմանը»: