ԱՄՆ-ն պատրաստ է ռազմական ուժ կիրառել՝ Հյուսիսային Կորեայի սպառնալիքից երկրի եւ եւ նրա դաշնակիցների պաշտպանության համար։ Սակայն ԱՄՆ-ն նախընտրում է օգտագործել միջազգային առեւտրի վրա ունեցած իր ազդեցությունը՝ աճող սպառնալիքի խնդիրը լուծելու համար։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին։ Հեյլին այս մասին ասել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում՝ Փհենյանի՝ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի բարեհաջող փորձարկումից հետո, փոխանցում է AP-ն։

Նա նշել է, որ Չինաստանը կարող է վտանգել ԱՄՆ-ի հետ առեւտրային հարաբերությունները, եթե Փհենյանի հետ նրա գործնական հարաբերությունները խախտում են ԱՄՆ-ի պատժամիջոցները։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն հակամարտություն չի փնտրում, հակառակը՝ փորձում է խուսափել դրանից։ 

Սակայն միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակումը «ակնհայտ ու կտրուկ լարվածության սրում է», եւ ԱՄՆ-ն պատրաստ է օգտագործել «իր զգալի զինված ուժերը»՝ իրեն եւ իր դաշնակիցներին պաշտպանելու նպատակով։ Նա նշել է, որ Թրամփի վարչակազմն այդ ուղղությունը չի նախընտրում, այլ նախընտրում է օգտագործել առեւտրային ոլորտում իր ազդեցությունը՝ վնասազերծելու համար «նրանց, ովքեր մեզ սպառնում են»։

Հեյլին հաղորդել է, որ առաջիկայում ԱՄՆ-ն Անվտանգության խորհրդին նոր բանաձեւ կներկայացնի, որը «միջազգային պատասխան կտա Հյուսիսային Կորեայի սադրանքին»։