Հայաստանի համախառն արտաքին պարտքը ՀՆԱ-ի 56,7 տոկոս է կազմում, սակայն դրա վճարման պայմանները ձեռնտու են։ Այս մասին հուլիսի 6-ին 2016 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։

Նրա խոսքով՝ 2016 թվականի վերջին պարտքի ծավալը կազմել է 5 մլրդ 942 մլն դոլար կամ ՀՆԱ-ի 56,7 տոկոսը։ Սակայն այստեղ ներառված է ոչ միայն Կառավարության արտաքին պարտքը, այլեւ ներքինը (պետական պարտատոմսեր), ինչպես նաեւ Կենտրոնական բանկի պարտքը։ 2016 թվականի համախառն պարտքը կազմում էր ՀՆԱ 48,8 տոկոսը։ 

Բայց չնայած բացարձակ աճին՝ պետք է հաշվի առնել, որ պարտքի պայմաններն ավելի ձեռնտու են դարձել, նկատեց նախարարը։ Առաջին, մեկ տարում ավելացել է ներքին պարտքը (հայկական դրամով)՝ 14,4 տոկոսից հասնելով 19,3 տոկոսի։ Իսկ ներքին պարտքը միշտ նախընտրելի է արտաքինից։ Նախ, դրա մարումը կարելի է հետաձգել, երկրորդ, փողերը մնում են տնտեսության մեջ։ Բարձր է մնում նաեւ արտաքին արտոնյալ պարտքերի մասնաբաժինը։ 2016 թվականին այն կազմում էր 64 տոկոս։ 

Արդյունքում, համախառն պետական պարտքի մաքուր արժեքը հանրապետությունում բավական ցածր է (գումար, որը պետք է ունենալ այսօր՝ մինչեւ վճարման ժամկետը պարտքը մարելու համար)։

Պարտքի միջին ծանրաբեռնվածութան ցուցանիշ է համարվում ՀՆԱ 48 տոկոսը, Հայաստանում այն ցածր է 3-4 տոկոսային կետով։

«Ձեռնտու են Հանրապետության ոչ միայն պարտքի ծավալի, այլեւ դրա իրացվելիության ծավալները՝ պարտքի եւ արտահանման լավ հարաբերակցության շնորհիվ։ Հայաստանի մաքուր պարտքի եւ արտահանման հարաբերակցությունը շուրջ 127 տոկոս է, այնինչ միջին ծանրաբեռնվածության շեմը 132 տոկոս է։ Այսինքն՝ մեր դրությունը ձեռնտու է նաեւ իրացվելիության տեսանկյունից»,- նշեց Արամյանը։