Առանց արտաքին վարկերի Հայաստանը գուցեեւ տնտեսական աճ չգրանցեր: Այս մասին հուլիսի 6-ին հայտարարեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը` ելույթ ունենալով 2016 թվականի պետական բյուջեի կատարողականի մասին հաշվետվության վերաբերյալ ԱԺ արտահերթ նիստում:

Նրա խոսքով` եթե երկիր չմտնեին արտասահմանյան միջոցները, ապա արտաքին բացասական էֆեկտները տնտեսության վրա ավելի սաստիկ կանդրադառնային:

Մասնավորապես` վերջին մի քանի տարիներին հումքային ապրանքների գները միջինը  գրեթե 3 անգամ նվազել են: Իսկ հումքային լեռնամետալուրգիական ապրանքները (խտանյութերը եւ մետաղական կիսաֆաբրիկատները) Հայաստանի ընդհանուր արտահանման 40 տոկոսն են կազմում:

Դրանից բացի, վերջին 3 տարիներին արտասահմանից դրամական փոխանցումները գրեթե 40 տոկոսով կրճատվել են: Իսկ սա նշանակում է, որ տնային տնտեսություններն անխուսափելիորեն ավելի շատ կկորցնեին:

«Հայաստանը ձգտել է այս գործոններին դիմակայել: Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը տնտեսությանը 2,6 տոկոս աճի խթան է հաղորդել: Դրանից 0,4 տոկոսային կետը բաժին է ընկել արտաքին վարկերին: Իսկ 2016 թվականին տնտեսական աճը կազմել է 0,2 տոկոս: Այլ խոսքով` առանց արտաքին վարկերի տնտեսական զարգացման ցուցանիշը բացասական կլիներ»,- նշեց ֆինանսների նախարարը: