Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր՝ հուլիսի 7-ին, ընդունել է Եվրասիական տնտեսական միության դատարանի նախագահ Ալեքսանդր Ֆեդորցովի գլխավորած պատվիրակությանը:
Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ վերջինի կազմում էին նաեւ ԵՏՄ դատարանի նախագահի տեղակալ Ժոլիմբետ Բայիշեւը, դատավորներ Այժամալ Մուսուրատբեկովնան, Էռնա Հայրիյանը, Արմեն Թումանյանը, Դենիս Կոլոսը եւ Վեներա Սեյտիմովան:
Դավիթ Հարությունյանը, ողջունելով հյուրերին, կարեւորել է ինտեգրացիոն գործընթացների իրավական ապահովումն ու այդ գործում բարձր գնահատել ԵՏՄ դատարանի դերակատարությունը:
Ալեքսանդր Ֆեդորցովն ու պատվիրակության անդամները ներկայացրել են ԵՏՄ դատարանի գործառույթներն ու վեճերի քննման ընթացակարգը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են արդարադատության ոլորտում ԵՏՄ անդամ պետությունների համագործակցության հնարավորություններն ու առաջնահերթությունները, ինչպես նաեւ անդրադարձել Միության անդամ-երկրներում ԵՏՄ եւ միջազգային այլ պայմանագրերի կիրառմանը վերաբերող մի շարք հարցերի:





























