Երեւանում, այսօր՝ հուլիսի 7-ին, բացվել են արեւային էներգիայով սնուցվող հանրային տրանսպորտի առաջին 2 կանգառները։

«Եվրոպական միության էներգաարդյունավետության  օրեր Հայաստանում» խորագրով նախաձեռնության  շրջանակում Երեւանում հանրային տրանսպորտի երկու կանգառներում տեղադրվել են արեւային վահանակներ: Դրանք գտնվում են Բաղրամյան եւ Մոսկովյան փողոցներում:

Կանգառներում տեղադրված վահանակները բնակիչներին թույլ են տալիս անվճար լիցքավորել բջջային հեռախոսները եւ թվային այլ սարքավորումները։ Յուրաքանչյուր կանգառ կարող է օրական լիցքավորել 24 հեռախոս։

Լիցքավորող սարքերից մեկն առաջինը փորձարկել է Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ նշելով, որ այդ վահանակները տեղադրվել են վերականգնող, արեւային էներգիայի օգտագործումը խթանելու համար, վահանակները կանգառներում կմնան  1 տարի, որից հետո կփոխանցվեն  դրա կարիքն ունեցող հաստատություններին: