Չնայած որոշ թերությունների՝ Կառավարության նոր ծրագիրն, ընդհանուր առմամբ, իրատեսական է եւ կարող է էական փոփոխություններ բերել երկրում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։
Նրա խոսքով, իրատեսական է Կառավարության այն տեսակետը, ըստ որի աղքատությունը 12 տոկոս կկրճատվի, եթե մոտավորապես 75-80 հազար ընտանիք դուրս գա աղքատությունից։ «Այս դեպքում ընտանիքներ մտնող գումարը իմ հաշվարկով կազմում է մոտավորապես 150 մլն դոլար, երբ ընտանիքում մեկ հոգին 100 հազար դրամ աշխատավարձ ստանա։ Կառավարության եւ իմ հաշվարկներն իրար մոտ են ստացվում»,-ասաց բանախոսը եւ հավելեց, որ նոր աշխատատեղերի ստեղծման կարիք կա։
«Գործակալությունները տարեկան աշխատանքի են տեղավորում 20-25 հազար մարդու, բայց կեսից ավելին ոչ թե չունեին աշխատանք, այլ աշխատատեղն են փոխում, այսինքն՝ զուտ գործազուրկների թիվը 10-12 հազար է, որ աշխատանքի են տեղավորում։ Նոր ցուցանիշի դեպքում ստացվում է, որ Կառավարությունը նոր տեմպով պետք է գնա։ Պիտի ամեն տարի առնվազն 25 հազար նոր աշխատատեղ ստեղծենք»,-ընդգծեց Մակարյանը:
Նա կարծիք հայտնեց, որ հաշվի առնելով ծրագրի կարեւոր կետերը՝ ներդրումների խթանում, համայնքային եկամուտների նոր աղբյուրների որոնում, մասնավոր ձեռնարկություններում կառավարման որակի բարձրացում, Կառավարությունը կկարողանա նշված քանակով աշխատատեղեր ստեղծել, բայց միաժամանակ հին աշխատատեղերը պետք է պահպանի։
Շեշտելով, որ մեր դիվանագիտությունը երբեւէ զարգացնել չենք փորձել՝ Մակարյանը իրատեսական է համարում ճկուն դիվանագիտության միջոցով տնտեսական եւ քաղաքական զարգացմանը նպաստելու Կառավարության ծրագիրը, ինչպես նաեւ պետական կառավարման համակարգի ընդլայնման ծրագիրը, ըստ որի ավելանալու են նաեւ պաշտոնյաների պարտավորությունները։
Մակարյանը, սակայն, թերահավատ էր կադրային քաղաքականության հարցում. «Արդյոք պետական մարմինները կկարողանան իրենց իրավասությունն օգտագործել կադրային քաղաքականության իրականացման հարցում։ Կառավարությունն այսօր գերբեռնված աշխատում է, բայց դա չի նշանակում, որ արդյունվետությունը դրանից բարձրացել է, միջին օղակները՝վարչության պետեր, ղեկավարները, մնացել են ծանոթ-բարեկամ նախկին աշխատողները»,- ասաց բանախոսը՝ կարեւորելով կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրերի իրականացումը։
Մակարյանը վերջում հավելեց, որ Կառավարությունը նոր ծրագիրն իրականացնելու համար իր հաշվարկով պետք է բյուջեում 2,9 միլիոն դոլարից ոչ պակաս գումար ունենա։





























