Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր՝ հուլիսի 7-ին, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվեց՝ ինչու երկրորդ անգամ փոխվեց Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի» խափանման միջոցը եւ նա կալանավորվեց:

«Արթուր Սարգսյանն առաջին անգամ կալանքից բաց էր թողնվել պայմանավորված այն հանգամանքով, որ ստացվել էր փորձաքննության եզրակացությունն այն մասին, որ նա տառապում է այնպիսի հիվանդություններով, որոնք կալանքի հետ անհամատեղելի են: Նշանակվել էր կրկնակի դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությամբ չէր հիմնավորվել այդ հիվանդությունների առկայությունը եւ ըստ էության կալանքի տակ պահելու հիմքերն առկա էին»,- ընդդիմադիր պատգամավորի հարցին պատասխանեց Արթուր Դավթյանը:

Դատախազի խոսքով, այժմ կա հարուցված քրեական գործ՝ պարզելու Արթուր Սարգսյանի մահվան պատճառները:

Արթուր Սարգսյանը 2016 թվականի ամռանը ոստիկանության Երեւանի ՊՊԾ գնդի տարածքը գրավելու օրերին կրակահերթերի տակ ավտոմեքենայով ճեղքել էր ոստիկանական պատն ու սնունդ տարել «Սասնա ծռեր» զինված խմբին։ 2016թ. դեկտեմբերի վերջին Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխվել էր եւ նա ազատ էր արձակվել: Ավելի ուշ նա կրկին կալանավորվել էր՝ քննչական մարմին չներկայանալու պատճառաբանությամբ:

Իրեն ազատ արձակելու պահանջով Արթուր Սարգսյանը 25 օր հացադուլի մեջ էր: Նրա խափանման միջոցը փոխվեց միայն մարտի 6-ին՝ մի խումբ պատգամավորների անձնական երաշխավորության դիմաց: Մարտի 16-ին Սարգսյանը մահացավ հիվանդանոցում:

Արթուր Սարգսյանը 48 տարեկան էր, մասնագիտությամբ քանդակագործ, փորագրող վարպետ: