«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Իրավաբանությունը բարդ գիտություն է՝  այնքան բարդ, որ մարդկանց համար, որոնք կողքից դիտում են եւ առավել եւս լուսաբանում են  դատական պրոցեսները,  դրանք կորցնում են իրենց բուն բովանդակությունը եւ դառնում են անիմաստ ծեսեր:  ՊՊԾ գունդը գրաված զինյալ խմբի եւ Սեֆիլյանի դատավարությունների  շրջապտույտը դրա վառ  օրինակներից մեկն է:  Խմբի անդամները չեն հարգում Հայաստանի դատարանը եւ դա բնական է՝  ոստիկանության գնդի վրա զինված  հարձակում  գործողը կարող է նման  վերաբերմունք ունենալ  պետության նկատմամբ:  Իրենց իրավունքն  է:  Դատավորն էլ իրավունք ունի դատարանը չհարգելու համար  ամբաստանյալների հեռացնելու  նիստերի դահլիճից: 

Բայց ամենազավեշտական ծեսն,  իմ կարծիքով,  դատավորին ինքնաբացարկ հայտնելու պրակտիկան է:  Ես դարձյալ չգիտեմ իրավաբանական նրբությունները,  բայց «կողքից» դա ներկայանում է հետեւյալ կերպ:  Նախ պարզ է, որ Հայաստանում ցանկացած դատավարության ժամանակ  ցանկացած փաստաբան կարող է  ինքնաբացարկ հայտնել ցանկացած դատավորի:  Օրինակ` այն հիմքով, որ դատավորը կաշկանդված է:  Որովհետեւ մեր երկրում անկաշկանդ դատավորներ չկան: (Ի դեպ, դա չի նշանակում, որ  նրանց մեջ չկան լավ  մասնագետներ, պարզապես համակարգն է այդպիսին): Եվ ահա փաստաբանը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացնում դատավորին:  Վերջինս ընդմիջում է հայտարարում եւ հեռանում խորհրդակցական սենյակ:  Ո՞ւմ հետ է նա այնտեղ խորհրդակցում,  ինքն իր հե՞տ, ինքն իր մասի՞ն: Հնարավո՞ր է, որ նա հետո գա նիստերի դահլիճ  եւ ասի՝  «ես երկու ժամ խորհրդակցեցի ինքս ինձ հետ, երկար խորհեցի իմ վարքի մասին,  մտածեցի-մտածեցի եւ եկա այն  եզրակացության,  որ դուք, հարգելի փաստաբաններ,  ճիշտ եք, ես վատ դատավոր եմ եւ չեմ կարող վարել այս դատավարությունը»: Եղե՞լ է արդյոք  Հայաստանում գոնե  մեկ նման դեպք:  Եթե կա այդպիսի դատավոր,  ապա նրա տեղը հաստատ  դատարանում չէ:  Նա պետք է վանական  դառնա ինչ-որ  մի  հեռավոր մենաստանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: