Հայաստանի պետական գնումների մասին օրենսդրությունը կարող է օգտակար լինել ԵՏՄ մյուս երկրների համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ֆինանսների փոխնախարար Կարեն Թամազյանը:
Այս ոլորտում Հայաստանի օրենսդրությունը համապատասխանում է Առեւտրի համաշխարհային կազմակերպության կանոններին եւ այս իմաստով առանձնանում է ԵՏՄ տարածքում, նշեց նա:
«Մենք պարբերաբար հանդիպում ենք մյուս երկրների գործընկերների հետ եւ քննարկում միմյանց փորձը: Կարծում եմ` մենք առաջարկելու բան ունենք»,- հայտարարեց Թամազյանը:
Նշենք, որ 2017-ի փետրվարին ՀՀ ԱԺ-ն ընդունել է «Պետգնումների մասին» օրենքը նոր խմբագրմամբ:
Պետական մրցույթների Բողոքարկման խորհուրդը պետական ապարատից անկախ է դարձել: Ուժեղացված են շահերի բախման դեմ միջոցառումները: Եթե մրցութային հանձնաժողովի անդամներից կամ փոխկապակցված անձանցից որեւէ մեկը մրցույթին մասնակցող ընկերությունում սեփականություն ունի, պետք է այդ մասին հայտնի եւ գնահատմանը չմասնակցի:
Իսկ ավելի վաղ` 2017-ի հունվարից հայտերը հրապարակվում են պետգնումների պաշտոնական կայքերում` gnumner.am եւ armeps.am: Ըստ որում` դրանք հրապարակվում են հայտերով ծրարները բացելուց անմիջապես հետո, որպեսզի շահագրգիռ անձինք կարողանան ուսումնասիրել:




























