Քիշնեւում կայացել է «Արեւելյան գործընկերության» ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպումը: Հավաքի ժամանակ ունեցած ելույթում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը խոսել է Ռիգայի համատեղ հռչակագրի կարեւորության, Հայաստան-ԵՄ գործընկերության առաջնահերթությունների, Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի մասին: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ մամուլի ծառայությունից:

«Մենք բազմիցս ենք ընդգծել Ռիգայի համատեղ հռչակագրի, դրանում ամրագրված համագործակցության չորս հիմնական ոլորտների, տարբերակման սկզբունքի եւ այլ դրույթների կարեւորությունը, որոնք հանդիսացել են վերջին երկու տարում Արեւելյան գործընկերության շրջանակում գործադրված մեր ջանքերի ուղենիշը: Հայաստանը կարեւոր ձեռքբերումներ է արձանագրել` «Հորիզոն 2020»-ը, «COSME»-ն, Ընդհանուր ավիացիոն գոտու մասին պայմանագրի եւ «Ստեղծագործ Եվրոպա»-ի շուրջ բանակցությունների մեկնարկը, որը նախատեսում ենք շուտով ավարտին հասցնել»,- ելույթում ասել է Էդվարդ Նալբանդյանը՝ ընդգծելով նաեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարեւորությունը, որը Հայաստանը նախաստորագրել է եւ նախատեսում է ստորագրել այս տարվա նոյեմբերին Բրյուսելում:

Նախարարը նշել է, որ Հայաստանն ու ԵՄ-ն ավարտել են 2017-2020 թվականների գործընկերության առաջնահերթությունների մշակումը, իսկ վաղը Երևանում մեկնարկելու է այդ նույն ժամանակաշրջանի համար ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվելիք Միասնական աջակցության շրջանակի շուրջ բանակցությունները:

Էդվարդ Նալբանդյանն անդրադարձել է նաեւ որոշ առկախ հարցերի՝ առանձնացնելով մուտքի արտոնագրի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը:

«Կցանկանայի նաեւ անդրադառնալ «20 արդյունք մինչև 2020» փաստաթղթին: Այն, հիրավի, գալիք տարիների գործողությունների ծրագիր է, որը նախանշում է Արեւելյան գործընկերության շրջանակում համագործակցության հեռանկարները: Անշուշտ, Գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների կարեւոր խնդիրներից է Եզրափակիչ հռչակագրի նախագծի մշակումը: Հայաստանը պատրաստ է իր ներդրումն ունենալ այնպիսի փաստաթղթի մշակման գործում, որը կարտացոլի համագործակցության իրական էությունը եւ կուղղորդի գալիք տարիների մեր ջանքերը: Ռիգայի հռչակագրի համաձայնեցված լեզուն կարող է հիմք ծառայել խնդրահարույց հարցերը հաղթահարելու համար: Ես կիսում եմ այն գործընկերների կարծիքը, ովքեր համոզված են, որ կարիք չկա բարդացնել գալիք գագաթաժողովի մթնոլորտն այնպիսի խնդիրներով, որոնք կարող են արգելակել կոնսենսուսի կայացումը»,- հավելել է Նալբանդյանը:

Նախարարի խոսքով՝ ԵՄ-ի հետ արդյունավետ համագործակցությունն իր նպաստն է բերել Հայաստանում սահմանադրական բարեփոխումների գործընթացում եւ այս տարվա ապրիլին խորհրդարանական ընտրությունների կազմակերպմանը, որոնք արժանացել են գործընկեր երկրների եւ միջազգային կազմակերպությունների բարձր գնահատականին: