Ընտրական գործընթացներն ականապատ դաշտ չպետք է լինեն քաղաքական փոքրամասնության կամ քաղաքացիական հասարակության համար: Այս մասին այսօր՝ հուլիսի 10-ին, խորհրդարանում ԿԸՀ տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը:

«Այդ ականապատ դաշտի վրա քաղաքացիական հասարակությունը կամ քաղաքական փոքրամասնությունը միշտ պայթել է ականի վրա, իսկ իշխանությունն այս ականապատ դաշտը ստեղծել է, որ դրանով երբեք չանցնեն քաղաքական փոքրամասնությունն ու քաղաքացիական հասարակությունը»,- ասաց Արտակ Զեյնալյանը:

Ընդդիմադիր պատգամավորն ընտրական իրավունքը բնորոշեց որպես շուտ փչացող իրավունք, քանի որ եթե ուշացնում ես դրա պաշտպանությունը, այլեւս հնարավոր չի լինում այն վերականգնել, անդառնալի հետեւանքներ է առաջանում: