Ստանիսլավսկու անվան Երեւանի պետական ռուսական դրամատիկական թատրոնի շենքում շուտով կբացվեն գրախանութ, գրադարան եւ ժամանցի կենտրոն։ Այս «լավ» լուրը հուլիսի 10-ին լրագրողներին շտապեց հայտնել ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը։
Նրա հավաստմամբ՝ «ժամանցային կենտրոն արտահայտությունը» չպետք է վախեցնի քաղաքացիներին։
«Դա յուրօրինակ վայր կլինի, որտեղ մարդիկ կկարողանան այցելել։ Այնտեղ կլինի նաեւ սրճարան, հնարավոր կլինի օգտվել գրադարանի ծառայություններից, գրքեր ձեռք բերել եւ առհասարակ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ։ Ծրագիրն արդեն կազմված է»,- հստակեցրեց փոխնախարարը։ Նա հավելեց, որ ծրագրի իրականացման համար մասնավոր անձինք շուրջ 80 մլն դրամ կներդնեն։
Այսպիսով, Հայաստանի մշակույթի նախարարությունը, երբ այն սկսեց գլխավորել Արմեն Ամիրյանը, առաջարկում է շարժվել պետական օբյեկտների շենքերում ժամանցային հաստատություններ բացելու ուղղությամբ։ Ավելի վաղ հայտնի է դարձել Ալ. Սպենդիարովի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում շոգեբաղնիք եւ ռեստորան բացելու ծրագրերի մասին։





























