Գյումրիում հունիսի 25-ին հնչած կրակոցների հետեւանքով Գյումրիի բժշկական կենտրոն տեղափոխված Գեորգի Հակոբյանի վիճակը կայունացել է, նրան Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են հիվանդասենյակ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասացին հիվանդանոցից՝ նշելով, որ Գեորգի Հակոբյանը ապաքինվում է:
Նշենք, որ Գեորգի Հակոբյանը Ախուրյանի տարածաշրջանի նախկին դատախազ, տարիներ առաջ մահացած Հակոբ Հակոբյանի որդին է:
NEWS.am-ի տեղեկություններով, Գյումրիում հնչած կրակոցների գործով ոստիկանները բերման են ենթարկել Գյումրիում քրեական հեղինակություն համարվող «գող Սուրոյին»:
Հիշեցնենք, որ նույն գործով բերման էր ենթարկվել «Չախալ» մականունով Կարեն Սարգսյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 25-ին՝ 22:50-ին, Գյումրիի Սայաթ-Նովա փողոցում կրակոցներ են հնչել, որի հետեւանքով հրազենային վնասվածքով Գյումրիի բժշկական կենտրոն էր տեղափոխվել 30-ամյա Գեորգի Հակոբյանը: Նրան վիրահատել են, նա ունեցել է որովայնի շրջանի հրազենային վնասվածք՝ վնասվել են աղիները: Վիճակը կայուն ծանր է:





























