Բաքվի եւ Մոսկվայի հարաբերությունները լուրջ փակուղի են մտել։ Այս մասին հուլիսի 10-ին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, իշխող Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։

Խոսելով հուլիսին կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հնարավոր հանդիպման մասին՝ նա նշեց. «Վստահ եմ, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կներկայացնի իրականությունն ու հայկական կողմի շատ կոշտ դիրքորոշումը։ Ադրբեջանի վերջին հնարքները, որոնք կարելի է անհաջող շոու անվանել, ձախողվեցին։ Դրանք նպատակ ունեին միջազգային հանրությանը ցույց տալ, որ հայկական կողմը իբր ոչնչացնում է խաղաղ բնակիչներին։ Ավելին, մենք բավարար չափով ուշադրություն չդարձրեցինք Ռուսաստանի ԱԳՆ կոշտ գնահատականներին այն կապակցությամբ, որ Ադրբեջանում պատշաճ վերաբերմունք ցույց չեն տալիս ՌԴ-ի հայկական ծագումով քաղաքացիներին։ Դա խոսում է այն մասին, որ Մոսկվայում դժգոհ են Բաքվից»։

Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Վիեննա կժամանի՝ ԵԱՀԿ անդամ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցելու նպատակով, որին ներկա կլինի նաեւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը։