Իրականացման տեսակետից ես չեմ պատկերացնում, որ քաղաքացիական հասարակությունը ներկայացված լինի Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմում: Այս մասին հուլիսի 10-ին` ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը` անդրադառնալով երկրում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի առաջարկին այն մասին, որ ԿԸՀ կազմում կարող է ներկայացված լինել նաեւ երկրի քաղաքացիական հասարակությունը:
Մուկուչյանի խոսքով` ԿԸՀ կազմում քաղաքացիական հասարակության ընդգրկման դեպքում բազմաթիվ հարցեր կառաջանան: «Ինչպե՞ս է կատարվելու քաղաքացիական հասրակության շրջանում ընտրությունը: Ո՞վ է ընտրելու: Առավել եւս, որ մենք ականատես եղանք, որ մի շարք կազմակերպություններ, որոնք դիտորդական առաքելություն են իրականացրել, խորհրդարանական ընտրությունների ժամանակ նույն անունով են ներկայացել, Երեւանի ավագանու ընտրություններում հայտարարությամբ են հանդես եկել, որի համաձայն իրենցից երկուսը երրորդին չեն լիազորել այն անվամբ ներկայանալ, որի ներքո իրենք հանդես են եկել: Այս պայմաններում ես չեմ պատկերացնում ինչպես է տեղի ունենալու ընտրությունը»,- պարզաբանեց Տիգրան Մուկուչյանը:





























