Արցախի Շուշիի շրջանի Քարին տակ գյուղն արդեն նոր մանկապարտեզ ունի: «Հայաստան» համահայկական հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ արցախյան պատերազմում խոշոր կորուստներ տված գյուղն այսօր վերածնվում է Սփյուռքի, Արցախի կառավարության եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգածության շնորհիվ: Արգենտինահայ բարերարների շնորհիվ 2010թ.-ից համայնքը զարգանում եւ բարգավաճում է. այսօր Քարին տակում կա համայնքային կենտրոն` գյուղապետարանով, բուժկետով, մշակույթի տնով, գրադարանով, վերանորոգվել է գյուղի ջրամակատակարարման համակարգը, կառուցվել է սպորտդահլիճ եւ դպրոցական հանդիսությունների սրահ:

Արգենտինահայերի ֆինանսավորմամբ չորրորդ խոշոր ծրագիրը գյուղի նոր մանկապարտեզի կառուցումն էր: «Հայաստան» համահայկական  հիմնադրամի Հունաստանի եւ Կիպրոսի տեղական մարմինների, Արցախի կառավարության եւ արգենտինահայ բարերարների համատեղ գործակցության շնորհիվ գյուղի 42 փոքրիկները կմոռանան 1930-ականներին կառուցված անբարեկարգ հին մանկապարտեզի մասին:

Մանկապարտեզը հանդիսությամբ բացվել է հուլիսի 10-ին: Բացմանը ներկա եւ ողջույնի խոսք ասող արգենտինահայ բարերարներ Դեվեճիէան, Էքսերճիան եւ Շիմշիրօղլու ընտանիքներն ասում են` իրենք են համայնքին եւ Արցախի կառավարությանն առաջարկել գյուղում մանկապարտեզ կառուցել:

Նշենք, որ Քարին տակն ունի 660 բնակիչ: