Գյումրիի Վարդանանց հրապարակում հուլիսի 9-ին կառապանի նկատմամբ ոստիկանի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպեր լիազոր, ոստիկանության լեյտենանտ Գ. Ս.-ն, ալկոհոլի ազդեցությամբ Գյումրիի կենտրոնական հրապարակում կառապանից պահանջել է կառքը հանձնել իրեն: Ծագած վիճաբանության ընթացքում ոստիկանը ծեծի է ենթարկել կառապանին: Միջադեպին մասնակցել է նաև անցորդներից մեկը, ում ոստիկանը ևս հարվածներ է հասցրել:
Փաստի առթիվ Շիրակի մարզի դատախազի հանձնարարությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՔԾ-ին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարությամբ ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է սկսվել, ոստիկանության աշխատակիցը ազատվել է պաշտոնից:





























