Կրթությանը վերաբերող Կառավարության նոր ծրագիրը անգաղափար, հստակ ֆինանսավորում չունեցող բայերի շարան է: Այս մասին այսօր՝ հուլիսի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, կրթության ոլորտի փորձագետ Անահիտ Բախշյանը:

«Մինչեւ 2018 թվականը կրթությանը վերաբերող Կառավարության նոր ծրագիրը անգաղափար, ոչինչ չասող բայերի շարան է՝ բարելավել, վերականգնել, իրականացնել եւ այլն, բայց թե դրա տակ ինչ գաղափար է, ինչ ֆինանսավորում պետք է լինի, չկա»,- ասաց Բախշյանը:

Անդրադառնալով տարեցտարի ՀՆԱ-ից կրթական ոլորտին տրամադրվող գումարի նվազմանը՝ նա ուղիղ հարց ուղղեց վարչապետնին՝ որպես բիզնեսմենի. «Եթե ուզում եք բարեփոխումներ անել, բայց ֆինանսավորումը գնալով պակասեցնում եք, ինչպե՞ս եք բարեփոխելու»:

Բախշյանի խոսքով, 1999 թվականի հունվարից 130 միլիոն դոլար է ծախսվել կրթության որակը բարելավելու համար, բայց վիճակը, հատկապես բնագիտական ոլորտում, սարսափելի է.  միասնական քննություններին այս տարի 48 տոկոսը անբավարար է ստացել ֆիզիկայից, 41 տոկոսը՝ քիմիայից:

Ըստ բանախոսի, դպրոցներում ոտնահարված է ուսուցչի արժանապատվությունը, որը, սակայն լուռ տանում է՝ հաճախ բարկությունը թափելով աշակերտի վրա: «Ուսուցիչն ասում է՝ ես ի՞նչ փող եմ ստանում, որ քեզ էլ սովորեցնեմ: Եթե ուսուցիչներն ընդվզեն, հերսը կթափեն իշխանության վրա, աշակերտներին էլ հանգիստ կթողնեն»,- ասաց բանախոսը՝ հավելելով, որ կրթական համակարգում ճկուն չափորոշիչների փոխարեն գործում են երկաթ-բետոնե չափորոշիչներ, որ հնարավորություն չեն տալիս ամեն աշակերտներին անհատական վերաբերմունք ցույց տալ:

«Ամենատխուրն այն է, որ 4 վարկային ծրագրով ծախսված գումարներից ոչինչ նպատակին չի ծառայել։ 15 էջանոց վերլուծություն եմ արել, թե ում օրոք ինչն ինչքան է տեւել, ինչ նպատակով, եւ արդյունքը չի համընկել նախատեսվածին։ 15 միլիո դոլար ծախվեց դպրոցների համակենտրոնացված կառավարման վրա, բայց ավագ դպրոց չկա։ Վերջինը 500 հազար դոլարանոց ծրագիրն էր, նախարարը անունը դրեց ազգային կրթակարգ»,- ասաց Բախշյանը՝ հակադարձելով կրթության նախարար Լեւոն Մկրտչյանին, որ դպրոցները հանգիստ թողնելու կոչ էր արել։

«Նախարարն ասել է՝ դպրոցներին հանգիստ թողնենք, թող զբաղվեն երեխաների դաստիարակությամբ: Ո՞ւմ է նա ասում։ Եթե դժգոհում են, ուրեմն հանգիստ չե՞ն թողնում։  Առաջին պահանջատերը երեխայի ծնողն է, հետո՝ երեխան, հետո՝ ուսուցիչը, հետո՝ տնօրենը»,- ասաց Բախշյանը։