Կրթական բոլոր ծրագրերը կամ մնում են օդի մեջ կամ ուսուցչին ու աշակերտին են հասնում աղճատված, ինչն ավելի վտանգավոր է: Այս մասին այսօր՝ հուլիսի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը:
«Թող պաշտոնյաները հանեն իրենց երեխաներին էլիտար դպրոցներից, տանեն հասարակ դպրոցներ, որոնք իրենք են բարեփոխում, որ ապացուցեն՝ այդքան վստահում են իրենց բարեփոխումներին: Մինչեւ 2020 թվականը կրթական ոլորտում ծախսերի կրճատումն ազդելու է սովորական դպրոցների վրա, ոչ թե իրենց էլիտարների»,- ասաց բանախոսը՝ հավելելով, որ կրթական բոլոր ծրագրերն էլ հիանալի մտքեր են պարունակում, բայց դա 90-ականներին էր հետաքրքիր, իսկ այժմ հասարակությունը հստակ քայլեր է ակնկալում:
Մասնագետն անդրադարձավ նաեւ ուսուցիչների ցածր վարձատրությանը, որ բացասաբար է անդրադառնում կրթական ոլորտի վրա: «Լավագույն շրջանավարտները չեն ուզում մանկավարժ դառնալ: Ասում էին՝ պիտի ուսուցչի աշխատավարձը 2015 թվականին 400 դոլարին համարժեք լինի, բայց մաքուր աշխատավարձը 65.000 դրամ է: Ուսուցիչները, վախենալով կորցնել աշխատանքը, լռում են, որը վտանգավոր է»,- ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ գյուղերում հոգսն այնքան շատ է, որ ուսուցիչների համար առաջնայինն անասնապահությունն ու այգեգործությունն է, իսկ ուսուցչությամբ զբաղվում են «ձեռքի հետ», այդ գործին նայում որպես չնչին, բայց կայուն եկամուտի, մանկավարժական զարգացման նույնիսկ չեն ձգտում: Պատճառն, ըստ բանախոսի, այն է, որ ՀՀ-ում թերացող ուսուցչին աշխատանքից չեն հեռացնում:
Բանախոսն անդրադարձավ նաեւ գիտության նկատմամբ Կառավարության անուշադրությանը, որի պատճառով աշակերտմերը չեն ձգտում բնագիտական կրթություն ստանալ:
«Եթե գիտությանը փող չի տրվում, ինչո՞ւ գնա, դառնա ֆիզիկոս, քիմիկոս, եթե չկա քիմիական արդյունաբերություն, որպես ի՞նչ պիտի աշխատի, երբ որ ասում են՝ տարբեր մեթոդներով դասերը վարեք, որ բնագիտական առարկաները սիրեն, չէ, նրանք նայում են սովորելու արդյունքին, ի՞նչ կդառնան, եթե սովորեն: Երեխաներն ու ծնողներն ավելի հեռու են նայում, մտածում 50. 000 դրամ ստացող գիտաշխատող կամ քիմիայի ուսուցի՞չ պիտի դառնա»,- ասաց Խաչատրյանը:





























