Ադրբեջանը փորձում է հօգուտ իր շահերի օգտագործել շփման գծում ադրբեջանական բնակավայրերի առկայությունը՝ հայկական բնակավայրերին հարվածելու համար՝ թաքնվելով խաղաղ բնակիչների մեջքի հետեւում։ Այս մասին հուլիսի 11-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն»-ի տնօրեն Թեւան Պողոսյանը։

Պողոսյանի խոսքով՝ հայկական կողմը պետք է մշտապես բարձրացնի այդ հարցը եւ փաստեր ներկայացնի միջազգային հանրությանը, այդ թվում՝ տեսանյութերի տեսքով՝ իրենց իսկ խաղաղ բնակիչների մահվան մեջ ադրբեջանական իշխանությունների մեղքն ապացուցելու համար։

«Մենք պետք է այդ մասին այնքան խոսենք, մինչեւ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրենք մյուս բնակավայրերի վրա։ Վերջիվերջո, կարեւոր չէ՝ մարդիկ բռնի՞ թե կամավոր են վերադարձել այդ շրջաններ՝ ապրելու համար»,- հստակեցրեց փորձագետը։

Նախկին պատգամավորի խոսքով՝ հայկական կողմը պետք է պատասխան գործողություններ ծավալի ու մեծ ակտիվություն ցուցաբերի։