Beeline-ը տեղեկացնում է, որ կարճ հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղի համար վճարման ընթացակարգում ընկերության կողմից որեւէ փոփոխություն չի կատարվել։

Ընկերությունը նաեւ հանդես չի եկել որեւէ առաջարկով՝ հաղորդագրությունների ուղարկման ձեւի, վճարի կամ միջնորդավճարի չափի հետ կապված փոփոխություն կատարելու։

Beeline-ը՝ ցանկացած այլ օպերատորների պես, միայն տրամադրում է տեխնիկական հնարավորություններ, որպեսզի բաժանորդները կարողանան հեռախոսի միջոցով հեշտությամբ վճարել կայանատեղի համար։

Հիշեցնենք, որ նախօրեին նմանատիպ հայտարարությամբ էր հանդես եկել նաեւ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 7-ին «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ն քաղաքացիներին ծանուցել է, որ այս տարվա օգոստոսի 1-ից SMS ծառայության միջոցով ավտոկայանատեղի վճարը նախկին 100 դրամի փոխարեն կկազմի 149 դրամ, որից 100 դրամը ավտոկայանատեղի վճարն է, 24.8 դրամը օպերատորի միջնորդավճարը եւ 24.2 դրամ ԱԱՀ։ Այս հայտարարությունը առաջացրել է բազմաթիվ քաղաքացիների դժգոհությունը:

Երեւանի ավագանու «Ելք» դաշինքի խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը դիմել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ չեղարկելու կարմիր գծերի ավտոկայանատեղիների SMS հաղորդագրության միջոցով վճարի թանկացումը։