Հայկական կողմը բազմիցս է հայտնել իր կարծիքը Ռուսաստանի կողմից Ադրբեջանին սպառազինություն վաճառելու հարցի շուրջ: Հուլիսի 12-ին կայացած ասուլիսում այս մասին հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով՝ հայկական կողմը դժգոհություն է հայտնել նաեւ ռուսաստանցի գործընկերների հետ հանդիպումների ժամանակ: «Իմ կարծիքը չի փոխվել: Ադրբեջանն այն պետությունը չէ, որին կարելի է զենք վաճառել: Այն պետք է վաճառել նրանց, ովքեր պաշտպանվում են»,- հայտարարեց փոխխոսնակը:

Շարմազանովը, միաժամանակ, կարծում է, որ դա չպետք է խոչընդոտի Հայաստանի եւ Ռուսաստանի քաղաքական եւ ռազմաքաղաքական համագործակցությանը: «Այն դաշնակցային բնույթ է կրում: Ներկայում Հայաստանն ու Ռուսաստանն իրականացնում են համաձայնագրով ամրագրված համագործության կետերը: Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները չպետք է պայմանավորել դրանով»,- նշեց Շարմազանովը: