Ոստիկանության ՊՊԾ եւ Կումայրիի բաժնի ծառայողները հուլիսի 11-ին, ժամը 9.30-ին, Գյումրիի Ղանդիլյան եւ Կոմինտերնի փողոցների խաչմերուկից, թմրանյութ պատրաստելու եւ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 36-ամյա Եղիշե Մ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ անձնական խուզարկությամբ Եղիշե Մ.-ի մարզահագուստի վերնաշապիկի տակից հայտնաբերվել եւ վերցվել է 0.5 լ տարողությամբ ապակյա շիշ, որի մեջ առկա էր 0.5 լ անգույն, յուրահատուկ հոտով հեղուկ զանգված եւ 166 գ կանաչավուն, խոնավ, կանեփանման զանգված:

Եղիշե Մ.-ն հայտարարել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն, այն հանդիսանում է քիմիական լուծիչ եւ կանեփ տեսակի թմրամիջոց, որը քաղել է հորաքրոջ տան բակից: Հայտնել է նաեւ, որ կանեփը ցանել եւ աճեցրել է անձամբ՝ հետագայում ծխելու միջոցով օգտագործելու համար:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր: