Արցախյան հակամարտության գոտում լայնածավալ ռազմական գործությունները չեն վերսկսվի։ Այս մասին հուլիսի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵՊՀ Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Քաղաքական ինստիտուտների եւ գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանը։
Փորձագետի կարծիքով՝ դա մի քանի ծանրակշիռ պատճառներ ունի։ «Առաջին. տարածաշրջանում ամենամեծ նշանակությունն ունի Ռուսաստանը։ Այժմ այն ներգրավված է սիրիական եւ ուկրաինական հակամարտություններում, ուստի Հարավային Կովկասում նոր ռազմական գործությունները նրան ձեռնտու չեն»,-հստակեցրեց քաղաքագետը։
Նրա կարծիքով՝ երկրորդ պատճառը տարածաշրջանով անցնող էներգետիկ հաղորդակցության միջոցներն են՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան եւ Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարները, որոնք արեւմտյան ընկերությունների են պատկանում եւ լուրջ պատերազմի պարագայում կարող են լուրջ կորուստներ կրել։ «Այնպես որ, վստահ եմ՝ Արեւմուտքին եւս ձեռնտու չէ այդ պատերամզը»,- նշեց Քեռյանը։
Ըստ քաղաքագետի՝ երրորդ պատճառը բնապահպանական աղետի սպառնալիքն է, ինչը ձեռնտու չէ ոչ Թուրքիայի, ոչ Իրանին, ոչ Ռուսաստանին։ Տարածաշրջանում նրանք շատ մեծ ազդեցություն ունեն եւ բնականաբար դրանից անպայման կօգտվեն՝ նոր պատերազմը կանխելու համար։
Փորձագետի համաձայն՝ չորրորդ պատճառն այն է, որ ադրբեջանական ղեկավարության շրջանում վստահ չեն իրենց հաջողության վրա՝ նման ռազմական գործողությունների պարագայում։ Դա, ըստ Քեռյանի, Ադրբեջանին զսպող գլխավոր միջոցներից է։
Նա նաեւ ընդգծեց, որ պաշտոնական Անկարան այդ հարցի շուրջ չի կարող հաշվի չառնել Ռուսաստանի դիրքորոշումը։





























