Ռուս քաղաքական վերնախավը հայտարարում է ղարաբաղյան հակամարտության կողմերի միջեւ ուժերի հավասարակշռության պահպանման ցանկության մասին: Հուլիսի 12-ին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Քաղաքական ինստիտուտների եւ գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքագետ Գարիկ Քեռյանը:
Փորձագետի խոսքով` Ռուսաստանի կողմից Ասդրբեջանին զենքի վաճառքը սխալ էր: «Ես Հայաստանում մի փորձագետի չեմ տեսել, որը փորձեր արդարացնել այդ գործողությունը: Հատկապես երբ դա Ադրբեջանին ձեռնտու է: Սակայն դա փաստ է: Ցավոք, մենք չենք Ադրբեջանին զենք մատակարարում, այլ Ռուսաստանը: Ռուսաստանն ունի իր ազգային, պետական շահերը, որոնք այս պահին մեր շահերի հետ չեն համընկնում»,- պարզաբանեց քաղաքագետը:
Քեռյանի կարծիքով, սակայն, եթե այս հարցը դիտարկենք Կրեմլի տեսանկյունից, ապա պարզ է, որ Ռուսաստանը շահագրգռված է Ադրբեջանի տարածքում իր ազդեցության արմապնդմամբ: Փորձագետը նշեց, որ Վրաստանն արդեն Արեւմուտքի ճամբար է անցել, իսկ Հայաստանը մնում է Ռուսաստանի շահերի անմիջական գոտում: Քաղաքագետի խոսքով` Ադրբեջանի կորուստը կարող է ուժգին հարվածել ամբողջ Անդրկովկասում Ռուսաստանի ծրագրերին: Իսկ Ռուսաստանն ամեն դեպքում թեժացմամբ շահագրգռված չէ:




























