Հայկական կողմին բացարձակապես ձեռնտու չէ ղարաբաղյան հակամարտության գոտում ապրիլյան իրադարձությունների նման պարբերական լարվածությունը: Հուլիսի 12-ին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Քաղաքական ինստիտուտների եւ գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքագետ Գարիկ Քեռյանը:

Նրա կարծիքով` լարվածությունը կարող է չափազանց անցանկալի հետեւանքներ ունենալ: «Ոչ պաշտոնական տեղեկություններով` Իսրայելը միջուկային տերություն է, սակայն 4 կարճատեւ պատերազմները, որոնց նա ստիպված էր մասնակցել, շատ բացասական հետեւանքներ են ունեցել նույնիսկ այսպիսի երկրի համար»,- պարզաբանեց փորձագետը:

Քաղաքագետը նշեց, որ այնպիսի փոքր երկրի համար, ինչպիսին Հայաստանն է, որն, ի դեպ, նաեւ մեկուսացման մեջ է, նման կարգի լարվածությունների հետեւանքները առավել ոչ ցանկալի կլինեն: