Կարմիր գծերով ավտոկայանատեղիների SMS-ով վճարման թանկացման մասին որոշումը անհիմն է, պարզապես ձեւակերպումն է փոխվել, որով ծառայությունն իրականացնողները գերշահույթի նպատակ ունեն: Այս մասին այսօր՝ հուլիսի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  վարորդների իրավունքների պաշտպան-փաստաբան Արտակ Խաչատրյանը:

«Ո´չ ներկն են թարմացրել, ո´չ ներդրումներ են արել, ո´չ ծառայության որակի մեջ  է մի բան փոխվել, ի՞նչ հիմունքով են թանկացնում: Սպառողը չի հետեւում, թե ով ինչքան միջնորդավճար է վերցնում, դա նրա խնդիրը չէ, նա վճարում է իր 100 դրամը: Ծառայություն մատուցողը պիտի մտածի: Օպերատորները գին չեն թանկացրել, ծառայություն մատուցողները չեն ուզում գումար դուրս տալ, քաղաքացու վրա են բարդում, երեւի գերշահույթի նպատակ ունեն»,- ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ եթե ավտոկայանատեղիների ծառայությունն իրականացնում է «Փարկինգ Սիթի Սերվիսը», թող բարի լինի ապահովել միջնորդավճարները:

Ըստ բանախոսի, անհիմն է այն բացատրությունը, ըստ որի «Փարկինգ Սիթի Սերվիսը» մինչեւ հիմա վճարել է SMS հաղորդագրության միջնորդավճարը տերմինալների չլինելու կամ սակավության պատճառով, իսկ այժմ կան տերմինալներ, որով վճարը 100 դրամ է: «Եթե մինչ այդ նա ծառայություն է իրականացրել բջջային օպերատորների միջոցով եւ 100 դրամով, թող անի մինչեւ վերջ, միջնորդավճարներն էլ ապահովի»,- ասաց բանախոսը:

Ըստ Խաչատրյանի, ծառայությունը 100 դրամ է, ցուցանակների վրա գրված է լինելու 100 դրամ, մարդիկ էլ վճարելու են 100 դրամ, եթե չստացվեց, ու տերմինալ էլ չկա, չեն վճարի առհասարակ անհնարինության հիմունքով: «Դա հավասար է ցուցանակների եւ կարմիր գծերի չլինելուն»,- ընդգծեց Խաչատրյանը եւ հավելեց, որ 100 դրամից ավելի գանձման դեպքում պատրաստ են վարորդների հետ բողոքել քաղաքապետարան:

Խաչատրյանի խոսքով, աղավաղվել է նաեւ կարմիր գծերի սկզբնական նպատակը:  «Մի բանկա ներկով սաղ քաղաքը ներկում են, բայց ի սկզբանե միտքը եղել է Կենտրոնի բեռնաթափումը, միտքը վերցրել, աղավաղել են»,- ասաց բանախոսը: