Ռուսաստանը կարող է ճանաչել Հայաստանի վարորդական իրավունքը, բայց կարող է նաեւ չճանաչել: Այս մասին հուլիսի 14-ին` լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Օտար վարորդական իրավունքները ճանաչելը կամ չճանաչելը յուրաքանչյուր պետության իրավունքն է, հավելեց նախարարը:

Ճիշտ այդպես նաեւ Հայաստանն է սիրիահայերին թույլ տվել երթեւեկել այնտեղի վկայականներով, որոնք Հայաստանում պաշտոնապես ճանաչված չեն: «Մենք նրանց ժամկետ ենք տվել, որ նրանք փոխանակեն տեղական իրավունքներով: Սա բերում եմ որպես մեր կառավարության որոշման օրինակ»,- ասաց Հարությունյանը:

Նրա խոսքով` մյուս երկրներում, որոնք այն չեն ճանաչում, իրավունքը չվերահանձնելու միակ եղանակը միջազգային վարորդական իրավունք ստանալն է: Իհարկե, այն աշխատանքի իրավունք չի ապահովում:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի իրավապահ մարմինները հուլիսի 1-ից չեն ճանաչում արտասահմանյան երկրների վարորդական իրավունքները` բացառություն չկատարելով ԵՏՄ երկրների համար: Հայաստանն իր հերթին, ինչպես եւ Ղազախստանը, վիճարկել է այս որոշումը եւ հարցի քննարկում սկսել Եվրասիական տնտեսական հանձնաժողովում: