Ի՞նչ է թաքնված ադրբեջանամետ իտալացի շատ պատգամավորների կողմից Հայաստանի դեմ մեղադրանքների ետեւում: Իտալական Formiche վերլուծական կայքում լրագրող Ֆրանչեսկո դի Պաոլոն որոշ մանրամասներ է բացահայտում։
Հոդվածի թարգմանությունը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.
«Ինչպես տեղեկացնում է Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, hուլիսի 4-ին Հայաստանի զինված ուժերը հարված են հասցրել Ալխանլի գյուղի ուղղությամբ՝ կիրառելով 82 ու 120 մմ տրամաչափի ականանետներ: Արդյունքում մեկ կին ու մեկ երեխա է մահացել:
Որոշ իտալացի խորհարդարանականներ, որոնց թվում Դեմոկրատական կուսակցության պատգամավոր Խալիդ Շաուկին, «Lega Nord» կուսակցության սենատոր Սերջիո Դիվինան եւ «Հինգ Աստղ Շարժում»-ի սենատոր Վիտո Պետրոչելլին, մեղադրեցին Հայաստանին “վանդալիստական գործողությունների” մեջ, սակայն ոչ ոք չնշեց այն փաստը, որ վերջին շաբաթների ընթացքում Ադրբեջանը շարունակում էր խախտել 1994-1995թթ. եռակողմ զինադադարի համաձայնագրերը: Ի՞նչ է թաքնված Երեւանի դեմ կրակի հայտարարությունների հետեւում: Արդյո՞ք առկա է վտանգ, որ երկու երկրների միջեւ մի շարք քաղաքական իրադարձությունները կարող են ավելի մեծ աշխարհաքաղաքական շահերի գործիք դառնալ:
Արդյո՞ք գոյություն ունի հաղորդակցության ցանց, որն առավել կարեւորություն կամ նշանակություն է տալիս մեկ փաստի գոյությանը մյուսի հանդեպ: Արդյո՞ք ճիշտ է, որ Հայաստանը պարբերաբար, կանխամտածված եւ նպատակային հարվածներ է հասցնում քաղաքացիական բնակչությանը, ինչպես նշել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիեւը:
Բաքվի կողմից արվող բազմաթիվ վերլուծություններին ի հակադրումն՝ օգտակար է նաեւ անդրադառնալ այլ տեսակետի եւ փորձել բացահայտել փաստերը եւ ենթադրությունները: Ալխանլի գյուղում տեղի ունեցած վերջին միջադեպը կարող է համարվել որպես պատասխան ադրբեջանական սադրանքի:
«Նախքան հայտարարություններ անելը, յուրաքանչյուրը պետք է ուսումնասիրի փաստերը համապարփակ ձեւով, Ադրբեջանի պաշտոնական մեկնաբանությունները կրկնելու փոխարեն, որոնք իրականությունից շատ հեռու են»,- ասում է Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը, ով հավելում է, որ հայկական կողմը երբեք չի գործում որպես հարձակման նախաձեռնող, սակայն «անհրաժեշտության եւ ստիպված լինելու դեպքում միշտ պատրաստ է քայլեր ձեռնարկել Ադրբեջանի յուրաքանչյուր սադրիչ գործողությունը զսպելու եւ ինքնապաշտպանության իր լիակատար իրավունքն իրագործելու նպատակով»:
Բավական է հետեւել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարություններին, որն, ի դեպ, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացով զբաղվող միջազգային միակ մանդատ ունեցող ձեւաչափն է: Ըստ մայիսի 18-ի հայտարարության՝ համանախագահները նշել են, որ «հավաստի աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն՝ մայիսի 15-ին ադրբեջանական զինված ուժերը շփման գծում հրթիռ են արձակել՝ հարված հասցնելով զինտեխնիկային»:
Բացի այդ, հուլիսի 4-ին ադրբեջանական զինված ուժերը Լեռնային Ղարաբաղի դեմ օգտագործել են համազարկային հրթիռային համակարգ: Ի պատասխան, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը ստիպված էր միջոցներ ձեռնարկել՝ ադրբեջանական կողմի ագրեսիվ գործողություններին հակազդելու համար: ԼՂ-ի հետ շփման գծի երկայնքով, որը վերածվել էր երկու կողմից հարձակումների դաշտի, բախումների լարվածության աճից մի քանի օր անց Սենատի Մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ, «Alternativa Popolare-Centristi per l'Europa-NCD» կուսակցության անդամ, սենատոր Ալդո Դի Բիաջիոն հայտարարեց, որ «նպատակահարմար է հստակեցնել Բաքվի կառավարության պատասխանատվությունը, ինչպես նաեւ հարվածներ հասցնելու մարտավարությունը: Ծանոթանալով ադրբեջանական կողմի քարոզչությանն ու իրականության աղավաղման փորձերին՝ պարզ է դառնում, որ ադրբեջանցիների օգտագործած մարտավարության արդյունքում հայկական կողմի պատասխանն արդարացված է»:
Ըստ Իտալիայում Հայաստանի դեսպանի՝ հավասարակշռված եւ ամբողջական պատկերը կազմելու համար հարկավոր է նկատի ունենալ, որ Լեռնային Ղարաբաղի դիրքերին հարված է հասցվել այնպիսի վայրից, որտեղ գտնվում է ադրբեջանական քաղաքացիական բնակչությունը: «Առաջին անգամ չէ, երբ Ադրբեջանի ղեկավարությունը սահմանամերձ բնակչությանն օգտագործում է որպես մարդկային վահան՝ Արցախի տարածքը ռմբակոծելու համար: Այս փաստը բազմաթիվ առիթներով միջազգային հանրության ուշադրությանն է ներկայացվել»:
Եվ բազմաթիվ լուսանկարներ են հրապարակվել Արցախի Պաշտպանության բանակի կողմից, որտեղ ցուցադրված է, որ Ադրբեջանն իր ռազմական կառույցները տեղադրում է խաղաղ բնակավայրերում:
Այս տեղեկատվությունն ապացուցվում է այն փաստով, որ հուլիսի 6-ին ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստին Ֆրանսիայի ներկայացուցիչը Մինսկի խմբի համանախագահերի անունից հանդես եկավ հայտարարությամբ՝ կապված Լեռնային Ղարաբաղի՝ շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների հետ՝ խստորեն պահանջելով վտանգի տակ չդել քաղաքացիական անձանց: Համանախագահները նաեւ համարեցին հուլիսի 4-ին տեղի ունեցած միջադեպը որպես սադրիչ գործողություն, որը խափանում է խաղաղությանն ուղղված ջանքերը եւ կարող է վտանգել գալիք բանակցությունները:
«Կողմերին հիշեցնում ենք Ժնեւյան կոնվենցիայով ամրագրված իրենց պարտավորությունների մասին, որոնք ենթադրում են զերծ մնալ ցանկացած թշնամական գործողությունից, որը կարող է հանգեցնել քաղաքացիական անձանց զոհերի: Հրավիրում ենք կողմերին անհապաղ քայլեր ձեռնարկել՝ մեղմելու իրավիճակը եւ հստակորեն հետեւել 1994-1995 թթ. հրադադարի մասին համաձայնագրերին», - ասվում է հայտարարության մեջ:
«Ցավում ենք քաղաքացիական կյանքի յուրաքանչյուր կորուստի համար, անկախ ազգությունից, - եզրափակեց դեսպանը: Քանի դեռ Ադրբեջանը չի կատարում իր ստանձնած միջազգային պարտավորությունները, հենց Ադրբեջանի ղեկավարությունն է կրում իր սադրանքների արդյունքում բոլոր անմեղ զոհերի համար ողջ պատասխանատվությունը»:




























