Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը ռուսական Ս-400 զենիթահիթիռային համալիրներ գնելու Թուրքիայի ծրագրերը նրա ինքնիշխան որոշումն է համարել: Այս մասին նա հայտարարել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նրա հայտարարությունը հրապարակվել է ամերիկյան ռազմական գերատեսչության կայքում:
Մեթիսի խոսքով` հնարավոր գործարքը հարցեր է առաջացնում այն մասին, թե Թուրքիան կկարողանա ՆԱՏՕ-ի տեխնիկայի հետ ռուսական համալիրների համատեղելիությունն ապահովել: «Դրանք երբեք համատեղելի չեն լինի»,- ասել է Պենտագոնի ղեկավարը:
Նա կոչ է արել հետեւել իրադարձությունների հետագա զարգացմանը: «Նրանք (թուրքերը) իսկապե՞ս կկիրառեն Ս-400-ը: Այն արդյոք միայն մե՞կ շրջանում կօգտագործեն»,- նշել է նա:
Հունիսի սկզբին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է Թուրքիայի Ս-400 վաճառել:




























