Շենգավիթ վարչական շրջանում գտնվող «Լիա» գեղեցկության սրահում մեկ տարի առաջ տեղի ունեցած սպանության գործը Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում է: Այս գործով առաջին նիստը տեղի կունենա հուլիսի 20-ին, այն մակագրվել է դատավոր Նելլի Բաղդասարյանին:
Քննության տվյալներով, քրեական հեղինակություն Պետրոս Իսրայելյանին մեղադրանք է առաջադրվել, որ Ալիկ Բանդուրյանի հորդորների արդյունքում ցանկացել է սպանել Մուշեղ Մուշեղյանին: Նա, նախնական համաձայնության գալով Գեւորգ Ավետիսյանի եւ քննությամբ չպարզված անձանց հետ, Ալիկ Բանդուրյանի օժանդակությամբ իրագործել է Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ պլանավորված հանցավոր ոտնձգությունը, սակայն հանդիպելով Մուշեղ Մուշեղյանի զինված դիմադրությանը, կրակոցներ է արձակել եւ սպանել Մուշեղյանին։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով՝ սպանությունը, որն իրականացվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից:
Ալիկ Բանդուրյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2016թ. նոյեմբերի 13-ին Պետրոս Իսրայելյանին դրդել է այլ անձանց հետ համատեղ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառել, սպանել: Բացի այդ, նույն օրը հանցավոր խմբին օժանդակել է պլանավորված հանցագործության անխոչընդոտ իրականացմանը: Ալիկ Բանդուրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38-112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հանցակից:
Արմեն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել. որ նա, հանդիսանալով Ալիկ Բանդուրյանի մտերիմը եւ մշտապես ուղեկցելով նրան, հաստատապես տեղեկացել է Ալիկ Բանդուրյանի օժանդակությամբ եւ դրդչությամբ նախապատրաստվող ծանր հանցագործության մասին, սակայն դրսեւորել է հանցավոր անգործություն եւ նախապատրաստվող ծանր հանցագործության մասին դիտավորությամբ չի հայտնել իրավասու մարմիններին: Արմեն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ հաստատապես հայտնի նախապատրաստվող ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մասին չհայտնելը:
Հիշեցնենք, որ 2016 թվականի նոյեմբերի 13-ին Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահում արձակված կրակոցների հետեւանքով երկու անձ՝ Երեւան քաղաքի բնակիչներ 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը եւ 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը, ստացել էին կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ եւ մահացել:




























