Ռուսաստանում հայկական վարորդական իրավունքով աշխատելու խնդիրը ցանկության դեպքում կարող է արագ լուծվել եւ այն բացարձակապես կապ չունի, թե տվյալ երկրում ո՞րն է պետական լեզու: Այս մասին այսօր՝ հուլիսի 17-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի այն հայտարարությանը, թե Ռուսաստանում հայկական վարորդական իրավունքների հարցը լուծելու համար Հայաստանում ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ է պետք տալ:
«Հույս ունեմ, որ այս պահին իմ այն գործընկերները, որոնք պաշտոնական այցով Մոսկվայում են, անպայման անդրադարձել են այդ հարցին: Հայաստանում պաշտոնական լեզու կարող է եւ պետք է լինի միմիայն հայերենը: Որեւէ այլ լեզու, կլինի՝ անգլերեն, ռուսերեն, թե չինարեն՝ չի կարող եւ չպետք է հավակնի պաշտոնական լեզվի կարգավիճակի: Ինչ վերաբերում է մեր վարորդների վարորդական իրավունքները Ռուսաստանի տարածքում ճանաչելու խնդրին, ապա ասեմ, որ ցանկության դեպքում այդ խնդիրն արագ կարելի է լուծել, որովհետեւ ընդամենը տեխնիկան եւ ընթացակարգային խնդիր է, որը բացարձակապես պետք չէ շաղկապել լեզվի խնդրի հետ»,-ասաց նա:
Հացրին՝ ինչպես է գնահատում Պետդումայի խոսնակի հայտարարությունը, Նաիրա Զոհրաբյանը նշեց. «Ընդհանրապես անիմաստ եմ համարում քննարկել մի հարց, որն ուղղակիորեն հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Սրանով ամեն ինչ ասված է: Ես հույս ունեմ, որ մեր պատվիրակության մեջ գոնե մեկ անձ կլինի, որը տեղում պարզաբանած կլինի Պետդումայի նախագահին»:
Հիշեցնենք, որ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը Հայաստանի իշխանություններին առաջարկել էր ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ տալ, որպեսզի ազգային վարորդական իրավունքներն ընդունվեն Ռուսաստանում:
2017 թվականի հունիսի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտել օտարերկրյա վարորդական իրավունք ունեցող վարորդներին ՌԴ-ի տարածքում աշխատելն արգելող օրենքը։ Իսկ ուրբաթ՝ հուլիսի 14-ին, Պետդուման օրենք է ընդունել, որի համաձայն՝ Ղրղզստանի, ինչպես նաեւ այլ երկրների քաղաքացիներին, որտեղ ռուսերենը պաշտոնական լեզու է, թույլատրվում է Ռուսաստանի տարածքում վարորդ աշխատել ազգային վարորդական իրավունքների հիման վրա։




























