2025 թվականին հայկական բիզնեսը ԵՏՄ-ում գազ կգնի շուկայական օրենքներով։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հուլիսի 18-ին ասաց Հայաստանի տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանը՝ մեկնաբանելով 2018-2020 թվականների կառավարության միջնաժամկետ ծախսերի ծրագիրը։
Նրա խոսքով՝ ակնկալվում է, որ գազի գինը կձեւավորվի բորսայի սկզբունքով՝ ինչպես այժմ Արեւմուտքում։ Գնի մասին կպայմանավորվեն ոչ թե պետությունները, այլ գնորդներն ու մատակարարները՝ առաջարկի ու պահանջարկի հիման վրա։ Այլ կերպ ասած՝ գազի միջպետական գներին կարող են փոխարինել մատակարարների ու գնորդների միջեւ պայմանագրերը (օրինակ՝ գործարանների կամ քաղաքապետարանների միջեւ)։
«Դա առաջարկվող մոտեցումներից մեկն է, իսկ կոնկրետ մեխանիզմները կառաջարկվեն ու կքննարկվեն հետագայում»,- հավելեց փոխնախարարը։




























