Լատվիայի դիրքորոշումը հակասում է ԵՄ պաշտոնական դիրքորոշմանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով, նաեւ հայ-լատվիական բարեկամության պատգամավորական խմբի ղեկավարն է։

«Տարօրինակ է, որ Եվրամիության անդամ երկիր Լատվիան համագործակցության, առավել եւս, ռազմավարական համագործակցության հռչակագիր է ստորագրում աշխարհում ամենաավտորիտարներից մեկի նախագահի հետ»,-ասաց նա:

ԱԺ փոխնախագահն ընդգծեց՝ եթե Եվրամիությունը մարդու իրավունքների պաշտպանության ու ժողովրդավարական ազատությունների մարմնավորում է, ապա ինչպե՞ս հասկանալ Եվրամիության անդամ երկրի ու ամենաավտորիտար ռեժիմի երկրի ռազմավարական համագործակցությունը։

«Ես՝ որպես հայ-լատվիական բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար, իմ տարակուսանքն եմ հայտնում եվրոպացի մեր գործընկերներին, որովհետեւ մի բան է համագործակցությունը, մեկ այլ բան՝ ռազմավարական համագործակցությունը, սա տարակուսելի է ու աընդունելի», - նշեց նա։

ԱԺ փոխնախագահն ասաց, որ, գոնե, իր համար, Եվրամիությունը, նախեւառաջ, ժողովրդավարություն, մարդու իրավունքների պաշտպանություն ու ազատություն է։

«Բայց եթե դու դավանում ես այդ արժեքները ու ռազմավարական հռչակագիրներ ես ստորագրում մի երկրի հետ, որը մարդու իրավունքների պաշտպանությունից հազարավոր կիլոմետրերով հեռու երկիր է, սա հարցականի տակ է դնում քո հեղինակությունը», -նշեց Է. Շարմազանովը։

Հայ-լատվիական բարեկամության պատգամավորական խմբի ղեկավարն ասաց, որ այնտեղ հնչեցված մտքերի հետ կապված Հայաստանն ունի շատ լուրջ դժոգոհություն, քանի որ Լատվիան Եվրամիության անդամ երկիր է ու պաշտոնական դիրքորոշումների մեջ  պարտավոր է պահել ԵՄ պաշտոնական դիրքորոշումը։

«Կոնկրետ խոսելով Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացից՝ խոսք է գնում խաղաղ կարգավորման, տարածքային ամբողջականության, սահմանների անքակտելիության մասին, բայց ոչ մի խոսք՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին», -ընդգծեց ԱԺ փոխնախագահը։

Նա նշեց՝ կրկնակի անգամ տարակուսելի է, երբ ԵՄ անդամ երկիրը հռչակագիր է ստորագրում ղարաբաղա-ադրբեջանական կոնֆլիկտի լուծման վերաբերյալ ու հաշվի չի առնում պաշտոնական Բրյուսելի դիրքորոշումը։