ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Արագածոտնի մարզ:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նա այցելել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան՝ ծանոթացել աստղադիտարանի գիտակրթական դերի ամրապնդման եւ երիտասարդ կադրերի ներգրավման նպատակով աստղադիտարանի կողմից առաջարկվող նախագծերին, որոնք միտված են խթանելու նաեւ զբոսաշրջությունն այդ տարածաշրջանում:
Առաջարկներից մեկը վերաբերել է գիտակրթական կենտրոնի ստեղծմանը, որի գործունեությունը հիմնված կլինի հայկական վիրտուալ աստղադիտարանի միջոցով ժամանակակից եղանակներով աստղագիտության ուսուցման գաղափարի վրա։ Բյուրականի աստղադիտարանի ճանաչողական դերի ամրապնդման, ինչպես նաեւ դպրոցականներին, ուսանողներին եւ այլ այցելուների, այդ թվում՝ օտարերկրյա հյուրերին Հայաստանի գիտական արժեքները ցուցադրելու նպատակով աստղադիտարանը ծրագրում է ստեղծել նաեւ այցելությունների կենտրոն, որի կազմում կկառուցվի աստղագիտության պատմության թանգարան, աստղացուցարան (պլանետարիում), հանրային դասախոսությունների սրահ, կբարեկարգվեն աստղադիտակ տանող ճանապարհը եւ հարակից տարածքները։
Հանրապետության նախագահը աստղադիտարանի ղեկավարության եւ ՀՀ ԳԱԱ նախագահի հետ քննարկել է ներկայացված առաջարկների իրականացման հնարավորությունները, առաջնահերթությունները, խնդիրները, ինչպես նաեւ նախանշված նպատակներին հասնելու համար հնարավոր այլ տարբերակներ:
Հանրապետության նախագահի այցի ժամանակ քննարկվել են նաեւ աստղադիտարանի կողմից Վ․ Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի եւ նրա կանոնակարգի փոփոխման մասին առաջարկությունները, որոնք նպատակ ունեն մրցանակը դարձնել Հայաստանի համար է՛լ ավելի օգտակար եւ արդյունավետ: Մրցանակի առաջարկվող ձեւափոխությունը, ըստ այն ներկայացնողների, մեծապես կնպաստի Հայաստանում աստղագիտական հետազոտություններին, ինչպես նաեւ հայ գիտնականներին հնարավորություն կտա ավելի ակտիվորեն ինտեգրվել միջազգային աստղագիտական հանրությանը, ուսանողների եւ աշակերտների շրջանում կմեծացնի աստղագիտության նկատմամբ հետաքրքրությունը։
Բյուրականի աստղադիտարանից Հանրապետության նախագահը մեկնել է Աշտարակ քաղաք, որտեղ ներկա է գտնվել վերակառուցված եւ հիմնանորոգված Հայաստանի «Սեւան» մարզական հասարակական կազմակերպության մանկապատանեկան մարզադպրոցի բացման արարողությանը:
Նախագահ Սարգսյանը քաղաքային իշխանությունների, մարզաշխարհի ներկայացուցիչների, դպրոցի ղեկավարության եւ մարզիչների ու սաների ուղեկցությամբ շրջայց է կատարել մարզադպրոցում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, մարզումների համար ստեղծված պայմաններին եւ հնարավորություններին, զրուցել մարզաշխարհի ներկայացուցիչների ու դպրոցի սաների հետ:
Աշտարակի մարզադպրոցի վերակառուցման եւ հիմնանորոգման աշխատանքներն իրականացվել են պետական բյուջեի միջոցների հաշվին: Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ մեկնարկած ծրագիրը ավարտվել է 2017թ. հուլիսին: Ծրագրի արժեքը շուրջ 463 մլն դրամ է:
Պատասխանատուների հավաստմամբ, վերակառուցված մարզադպրոց կարող են հաճախել Աշտարակի եւ հարակից համայնքների շուրջ 350 մարզիկներ, դպրոցում կգործեն ազատ եւ հունահռոմեական ոճերի ըմբշամարտի, վոլեյբոլի, բռնցքամարտի, ֆուտբոլի, բասկետբոլի եւ ծանրամարտի խմբակներ:
































