Հայաստանում արդեն մեկնարկել է մինչեւ 1 մեգավատ հզորությամբ երրորդ արեւային համակարգային կայանի շինարարությունը. շուտով դրանց թիվը կավելանա եւս մի քանիսով։

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ օրերս Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը արեւային կայանում էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզիա  է տրամադրել եւս 7 ընկերության։ Դրանք են՝ «Սոլար Փրոդակշնը», «Ռեպ Քուռը», «Ռապիդա» ինտերակտիվ համակարգը», «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը», «Սոլ էներջին», «Ջիէյչ Էներջին», «Ինտեր Ա.Կ.Վ.Ա.»-ն։ Կայանները նախատեսվում են կառուցել Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի եւ Արարատի մարզերի վարչական տարածքներում։ Լիցենզիաների գործողության ժամկետ է սահմանվել մինչեւ 2038թ.։ Բոլոր յոթ կայանները պետք է գործարկվեն առաջիկա մեկ տարվա ընթացքում։ 

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ընդհանուր առմամբ տրամադրվել է մինչեւ 1 մեգավատ հզորությամբ արեւային համակարգային կայանի կառուցման 11 լիցենզիա։ Նախնական հաշվարկներով, նման մեկ կայանի կառուցման ներդրումային արժեքը հասնում է  1 մլն դոլարի։

Այս կայանների գործարկումով կավարտվի ծրագրի առաջին փուլը։ Արդյունքների ամփոփումից հետո հնարավոր կլինի գնահատել երկրորդ փուլում կառուցվելիք արեւային համակարգային կայանների ինչպես հզորությունների սահմանաչափերը, այնպես էլ սակագները։

Հիշեցնենք, որ ծրագրի իրականացման առաջին փուլում նախատեսված է կառուցել այդպիսի կայաններ՝ գումարային 10 մեգավատ հզորությամբ։