ՀՀ զինված ուժերում նոր ուսումնական փուլին ընդառաջ` 1-ին բանակային զորամիավորումում անցկացվել է ենթակա զորամասերի գումարտակների ու դիվիզիոնների հրամանատարների եւ հրամանատարների տեղակալների հնգօրյա հավաք:
Հայաստանի ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հավաքի նպատակն էր մասնակիցների գիտելիքների ու գործնական կարողությունների, մասնագիտական ունակությունների կատարելագործումը, մարտական պատրաստության պարապմունքների կազմակերպման եւ ղեկավարման մակարդակի բարձրացումը, ինչպես նաեւ նրանց շարային, ֆիզիկական ու կրակային պատրաստության գնահատումը:
Հավաքների ընթացքում սպաների համար կազմակերպվել են տեսական դասընթացներ, մեթոդական պարապմունքներ եւ ստուգարքներ` առավել մեծ ուշադրություն դարձնելով ստորաբաժանումների անձնակազմի համար ցուցադրական ու գործնական պարապմունքների, ինչպես նաեւ խմբային վարժանքների կազմակերպման հմտությունների կատարելագործմանը:




























