Անհրաժեշտ է ապահովել նույնանման վարչարարություն բոլոր հարկ վճարողների համար եւ առանց որեւէ վերապահման զերծ լինել կոռուպցիոն դրսեւորումներից: Այս մասին, Ծաղկաձորում այսօր՝ հուլիսի 26-ին մեկնարկած «Ընթացիկ բարեփոխումները եւ հաջորդող քայլերը. պետական եկամուտների վարչարարության բարելավման ճանապարհային քարտեզ» թեմայով աշխատանքային հանդիպման ժամանակ նշել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը:

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Կոմիտեի ղեկավարը, կարեւորելով հարկային պարտավորությունների ամբողջական հայտարարագրումը, նշել է. «Հարկային մարմնի վարքագիծը եւ կիրառվող վարչարարական ընթացակարգերը բոլոր հարկ վճարողների համար պետք է լինեն հավասար»:

ՊԵԿ նախագահն ընդգծել է, որ կոմիտեն հաջողությամբ իրագործել է կառավարության ծրագրով հարկային եւ մաքսային մարմիններին վերապահված բարեփոխումների առաջին փուլըը. ընթացքի մեջ է երկրորդ փուլը, որի արդյունքներն արդեն տեսանելի են: «Հուսով եմ, որ շահագրգիռ քննարկումների միջոցով կկարողանանք գտնել այն մեխանիզմները, որոնց կիրառման արդյունքում առաջիկա ամիսների ընթացքում արմատապես եւ վերջնականապես կվերափոխվի հարկային համակարգը»,-նշել է Վարդան Հարությունյանը:

Հարկային ստուգումներն առավել հասցեական եւ արդյունավետ դարձնելու նպատակով վերանայվել են հարկ վճարողների ռիսկայնության աստիճանը գնահատող չափանիշները, գործարկվել է մոնիթորինգային կենտրոնը: Ստվերային շրջանառության կրճատման ու կանխարգելման միջոցառումների շրջանակում ներդրվել է «ստվերի անձնագիրը»:

Վարդան Հարությունյանի դիտարկմամբ՝ ՊԵԿ-ի նախաձեռնած միջոցառումներն առավելապես ուղղված են մեր երկրում ներդրումային միջավայրի բարելավման նպատակով հարկային գործիքակազմի ընդլայնմանը, մաքսային ընթացակարգերի պարզեցմանը, ստվերի դեմ պայքարին եւ օրինապահ հարկ վճարողների համար տնտեսական խթանների ընդլայնմանը:

Կոմիտեի ղեկավարը կարեւորել է պետական, հասարակական եւ միջազգային կառույցների ակտիվ մասնակցությունը բարեփոխումների գործընթացին եւ ընդգծել, որ համատեղ ջանքերով պետք է հասնել էական արդյունքի, ակնկալելով նաեւ միջազգային հաջողված փորձի ներդրումը Հայաստանում: