Վարչապետի հանձնարարականի հիման վրա Վայոց ձորի մարզից ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն է ներկայացվել 20 ներդրումային ծրագիր՝ 2 մլրդ 384 մլն դրամ արժեքով: Այս մասին հուլիսի 28-ին, նշվել է Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կառավարությունից NEWS.am_ին հայտնում են, որ կառավարության հավանությանն է արժանացել 8 ծրագիր՝ 1 մլրդ 616 մլն դրամ արժողությամբ, որից 2-ը՝ չրերի արտադրության եւ այծի կաթից պանրի արտադրության ծրագրերը (120 մլն դրամ) արդեն ֆինանսավորվել են: Կազմվել է մարզի զարգացման 2017-2025թթ. ռազմավարությունը, որտեղ նշվել են զարգացման գերակա ուղղությունները՝ գյուղատնտեսություն, զբոսաշրջություն, արդյունաբերության արդիականացում:

Մարզում զարգացման ներուժ ունեցող ոլորտներից են նաեւ հանքարդյունաբերությունն ու էներգետիկան: Բնակչության զբաղվածության խնդիրների լուծման գործում կարեւոր նշանակություն ունի «Ամուլսարի» ոսկու հանքավայրի շահագործումը, որի շրջանակում 2017-2018թթ. կներդրվի 370 մլն դոլար, կստեղծվի 1300 աշխատատեղ: Այժմ հանքավայրում աշխատում է 730 մարդ, որոնցից 350-ը մարզի բնակիչներն են:

Մարզպետ Հարություն Սարգսյանը նշել է, որ մարզի տնտեսության զարգացման հիմնական ուղղությունը գյուղատնտեսությունն է` տարեկան արտադրվում է 20-22 մլրդ դրամի համախառն արտադրանք: Վերջին տարիներին խաղողի ու պտղատու այգիների տարածություններն ավելացել են 248 հեկտարով, որից 31.5 հա ոռոգումն իրականացվում է կաթիլային եղանակով, ընդ որում՝ պտղատու այգիների տարածությունները մինչեւ 150-200 հա ավելացնելու հնարավորություններ կան: «Հայկական միրգ» ծրագրով մարզի 4՝ Արին, Խնձորուտ, Ազատեկ, Վերնաշեն համայնքներում հիմնվել են 47.2 հա պտղատու այգիներ: Ընթացիկ տարում մարզում կատարվել է 5169 հա գյուղատնտեսական մշակաբույսերի ցանք: Մարզը գրեթե ամբողջությամբ անցել է ինքնահոս ոռոգման: