Ցանկանում ենք համայն հայությանը տեղեկացնել, որ երկիրը շատ վատ վիճակի մեջ է, անվտանգության  խնդիր կա: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է «Արժանապատիվ ազատամարտիկ» ՀԿ նախագահ, գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը։

«Արժանապատիվ ազատամարտիկ» ՀԿ–ի ղեկավարը եւ  ՀԿ–ի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գագիկ Սարուխանյանն այսօր հայտարարել են, որ ցանկանում են գրասենյակ բացել եւ զբաղվել ազտամարտիկների խնդիրներով։

Գագիկ Սարուխանյանը նշել է, որ խնդիրները երկրում այնքան շատ են, որ, կարծես թե, ձնագնդիի նման ամբողջը խառնվել է իրար, եւ դա վերաբերում է բոլոր ոլորտներին. «Չնայած սրան, այս ամբողջը չպետք  հիասթափեցնի, եւ մենք ամեն ինչ անելու ենք պետականաշինության համար»։ 

Նա  հայտարարել է, որ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերից որեւէ մեկը չի ներկայացնում ժողովրդի շահը: «Մենք հիմնել ենք «Արժանապատիվ ազատամարտիկների» հիմնադրամը եւ, համալրելով «Արժանապատիվ ազատամարտիկ» ՀԿ-ի աշխատանքը, շարունակելու ենք մեր գործունեությունը»,-ասել է նա: 

Անդրադառնալով արցախյան հիմնահարցին՝ Սարուխանյանը նշել է, որ իր համար Արցախը Հայաստանի մաս է: «Լայնամասշտաբ պատերազմի վտանգ կա»,-ասաց նա եւ նշեց, որ գտնում է, թե զինադադարից հետո լայնամասշտաբ պատերազմը  չի էլ դադարել՝ հաշվի առնելով առկա զոհերը:

Վոլոդյա Ավետիսյանը նշեց, որ ցանկանում են ազգի բարոյահոգեբանական վիճակը բարձրացնել: «Մեր նպատակը հայրենասիրության քարոզարշավ իրականացնելն է Հայաստանի ամբողջ տարածքում եւ, ամենակարեւորը՝ զորամասերում, զինծառայողներին բացատրենք, որ ծառայում են հայրենիքի, ոչ թե որեւէ մեկի համար եւ պետք է անշահախնդիր ծառայեն»,-ասաց նա:

Ըստ նրա՝ հնարավոր է երկրում ամեն ինչ ուղղել, պարզապես պետք է ցանկություն ունենալ, եւ յուրաքանչյուր հայ այդ ծանրությունը պետք է վերցնի իր վրա: «Ցանկանում ենք համայն հայությանը տեղեկացնել, որ երկիրը շատ վատ վիճակի մեջ է, անվտանգության  խնդիր կա»,-ասել է  նա՝  հավելելով, որ ինքն անձնական շահ չի հետապնդում: