Լոռու մարզի Վանաձոր քաղաքում այսօր՝ հուլիսի 30-ին, ժամը 01:30-ի սահմանում կրակոցներ են հնչել։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքում գտնվող «Վենեսիա» սրճարանային համալիրի տարածքում կրակոցներ են հնչել: ոստիկանները վնասազերծել են կրակոցներ արձակողին, ով զինված է եղել։ Կրակոցների հեղինակը Վանաձոր քաղաքի Կամոյի փողոցի բնակիչ 46-ամյա Վահրամ Ալթունյանն է, ով Վանաձորում ավելի շատ հայտնի է «Սամբիստ Վահրամ» մականվամբ:

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրօրի 258 հոդվածի 4-րդ մասի եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ոստիկանների կողմից «Սամբիստ Վահրամի» ձեռքից խլված AKM տիպի ինքնաձիգը առգրավվել է, եւ քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքնություններ, այդ թվում՝ դատաձգաբանական, մատնադրոշմային: Կասկածյալը ձերբակալվել է։