Վերջին շրջանում Հայաստանում գրանցված հաշմանդամություն ունեցող քաղաքացիների թիվը նվազել է։ Այս մասին այսօր օգոստոսի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը։ Նա նշեց, որ նախկին  210 հազար հաշմանդամություն ունեցող քաղաքացիների թիվը դարձել է 200 հազար. «Սա կարող է լինել եւ բացասական, եւ դրական, քանի որ հնարավոր է, որ այդ 10 հազարին զրկել են հաշմանդամության կարգից՝ նրանց արտոնություններից զրկելու համար»։

Արմեն Ալավերդյանը նաեւ նշեց, որ Հայաստանում լուրջ խնդիր է հաշմանդամություն ունեցող քաղաքացիների հանգստի կազմակերպման հարցը. Երեւանից դուրս չկան հաշմանդամներին հարմարեցված հանգստավայրեր։

«Ամառվա տապին մեծ սիրով հանգստանալու կմեկնեին հաշմանդամություն ունեցող քաղաքացիները, սակայն, Երեւանից դուրս սայլակ օգտագործող մարդկանց համար հարմարությունները բացակայում են։ Վրաստանում կան այդպիսի տեղեր, սակայն, Հայաստանից Վրաստան մեկնող գնացքը չունի հարմարություններ հաշմանդամների համար եւ նրանք այդ պատճառով չեն կարողանում գնալ հանգստանալու»,-ասաց նա։

Նա նաեւ անդրադարձավ հաշմանդամություն ունեցող անձանց կրթության եւ զբաղվածության խնդրին՝ նշելով, որ Հայաստանում այս հարցի լուծումը դեռ շատ մարտահրավերներ ունի հաղթահարելու։