Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության գործով մեղադրյալը կալանավորվելուց գրեթե մեկ շաբաթ անց պաշտպան չունի:
NEWS.am-ի տեղեկություններով՝ խորհրդականի սպանության մեջ մեղադրվող նրա կինը՝ Ռուզաննա Մ.-ին նաեւ հանրային պաշտպան դեռ չի տրամադրվել: Այս պահին հայտնի չէ՝ Ռուզաննա Մ.-ն է հրաժարվել պաշտպանից, թե ոչ:
2017 թվականի հուլիսի 25-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 3-րդ կմ-ից դեպի աջ ընկած՝ մոտ 300 մ հեռավորությամբ գտնվող «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում, հայտնաբերվել էր 1965 թ. ծնված Մանուկ Սիմոնյանի դիակը՝ փաթաթված եւ կապկպված:
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ տուժողի կինը պարբերաբար բռնության է ենթարկվել ամուսնու կողմից: 2017 թվականի հուլիսի 22-ին՝ առավոտյան, կնոջ եւ ամուսնու միջեւ տեղի է ունեցել հերթական վիճաբանությունը, ինչից հետո ամուսինը քնել է, եւ կինը փայտ կոտրելու կացնով հարվածել է քնած ամուսնուն, ով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է: Այնուհետեւ կինը զանգահարել է որդուն եւ տուն կանչել: Հաջորդ օրը՝ ժամը 04:00-ի սահմաններում, ամուսնու ավտոմեքենայով, որդու հետ ամուսնու դիակը տեղափոխել եւ թաքցրել են Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ավտոճանապարհի աջակողմյան ամայի տարածքում:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ տուժողի կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ կնոջ նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: Որոշում է կայացվել նաեւ տուժողի որդուն արգելանքից ազատելու մասին:



























