Հայաստանի քաղաքացիական վերաքննիչ դատարանը՝ դատավոր Տարոն Նազարյանի նախագահությամբ, այսօր՝ օգոստոսի 3-ին հրապարակել է դատական ակտը, որով բավարարել է «Նյուզ Էյեմ» ՍՊԸ կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը, բեկանել է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը եւ գործն ուղարկել նոր քննության։

Նշենք, որ ապրիլի 11-ին Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Երիցյանը վճիռ էր կայացրել, որով նշել էր, իբր NEWS.am-ը վիրավորել է փաստաբան Գեւորգ Մկրտչյանին եւ վճռել էր հօգուտ այդ անձի 50 հազար դրամ բռնագանձել NEWS.am-ից։

Լրատվական գործակալությունը վճիռը բողոքարկել էր վերաքննիչ քաղաքացիական դատարանում, որն էլ այսօր բեկանել է վճիռը։

Փաստաբան Արամազդ Կիվիրյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ վերաքննիչ քաղաքացիական դատարանը արդարացի դատական ակտ է կայացրել՝ բեկանելով առաջին ատյանի վճիռը։ «Կարեւորում եմ իրականում այս որոշումը։ Այս հանգամանքը վկայում է, որ արդարադատության համակարգն ի զորու է արդարացի ակտ կայացնել»,- նշեց նա։

Նշենք, որ Գեւորգ Մկրտչյանը դժգոհել էր «Զավեշտ Փաստաբանական պալատում-2. Հաշվեհարդարը շարունակվում է» վերտառությամբ հոդվածից, որում անդրադարձել էինք փաստաբանների պալատում տիրող իրավիճակին։

Գեւորգ Մկրտչյանը, ի դեպ, իր երեք գործընկերների հետ եւս 16 հայց  է ներկայացրել NEWS.am-ի դեմ։ Խոսքն այն Գեւորգ Մկրտչյանի մասին է, որին փաստաբան Տիգրան Աթանեսյանը մեղադրում է իր գրասենյակի դեմ հարձակման մեջ։

Ավելի վաղ փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտարարել էր, որ ապրիլի 27-ին ինքն ու Արմեն Սողոմոնյանը հարձակման էին ենթարկվել Փաստաբանների դպրոցի տնօրեն, խորհրդի անդամ Սիմոն Բաբայանի, ՓՊ նախագահի խորհրդականներ Վրեժ Խաչիկյանի, Գեւորգ Մկրտչյանի եւ փաստաբան Արսեն Հարությունյանի կողմից։ Աթանեսյանն ու նրա ընկերները հարձակման պատասխանատու համարում են ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանին։

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել փաստաբաններ Տիգրան Աթանեսյանին եւ Արմեն Սողոմոնյանին, Փաստաբանների պալատի նախագահի խորհրդականներ Գեւորգ Մկրտչյանին ու Վրեժ Խաչիկյանին, Փաստաբանների դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանին, Արսեն Հարությունյանին: