Մանկահասակ երեխաներ ունեցող ընտանիքը, որին ԴԱՀԿ-ն, առանց սպասելու Վարչական դատարանի վճռին, ավելի վաղ որոշում էր կայացրել վտարել, նորից դիմել է ԴԱՀԿ:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ընտանիքի մայրը՝ Անժելա Բալյանը, նշեց, որ օգոստոսի 7-ին իրենց պետք է վտարեին, սակայն իրենք կրկին դիմել են ԴԱՀԿ:
«Սպասողական վիճակ է, չգիտենք, թե ինչ է լինելու: Հույս ունենք՝ ԴԱՀԿ-ն կսպասի Վարչականի որոշմանը»,- ասաց Անժելա Բալյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Անժելա Բալյանը պատմել էր, որ տարիներ առաջ իր եղբայրը բանկից վարկ է վերցրել, իսկ որպես գրավ՝ դրվել է իր բնակարանը: Այս տարվա ապրիլին, Անժելա Բալյանի պատմելով, իրեն է զանգահարել Իշխան Միրզոյանը, որը Մխիթար Բալյանի՝ վարկ վերցնելու ժամանակ երաշխավոր է եղել, հայտնել է, թե գնել է աճուրդի դրված իր բնակարանն ու պահանջել ազատել այն:
«Առանց մեզ տեղյակ պահելու՝ մեր բնակարանը ԴԱՀԿ որոշմամբ վաճառվել է, ընդ որում ԴԱՀԿ-ն վտարումը կասեցնելու որոշում է կայացրել մինչեւ վարչական դատարանի կողմից որոշման կայացումը, սակայն այդ ընթացքում նաեւ գաղտնի նոր որոշում է կայացրել ու վաճառել բնակարանը»,- ասել էր նա:
Բալյաններն անմիջապես դիմել էին Վարչական դատարան: Առանց սպասելու սակայն վճռին՝ ԴԱՀԿ-ն որոշում էր կայացրել վտարել ընտանիքին: Անժելա Բալյանը բաց նամակով դիմել է Հանրապետության նախագահին եւ պատկան մարմիններին՝ խնդրելով կատարվածի վերաբերյալ հարուցել քրեական գործ եւ արգելել ԴԱՀԿ ծառայությանը վտարելու իրեն եւ ընտանիքին Երեւանի Նոր-Նորք Հովհաննիսյան փողոցի 12 շենքի թիվ 35 հասցեից:




























