Անկախության ժամանակաշրջանում Երեւանում իրականացվել է ամբողջությամբ հակաբնապահպանական քաղաքաշինություն։ Այս մասին NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում ասել է բնապահպան, Հայաստանի բնապահպանության նախկին նախարար Կարինե Դանիելյանը։
Նրա խոսքով, նման մոտեցումը քայքայել է բնապահպանական ուղղվածության բոլոր այն նախադրյալները, որոնք մինչ այդ են եղել ստեղծված։ «Երեւանը հիմնականում կիսաանապատային գոտում է գտնվում։ Որպեսզի այստեղ հնարավոր լիներ քաղաք կառուցել, այն էլ մայրաքաղաք, զանգվածային կանաչապատում է իրականացվել , ստեղծվել են ջրային տարածքներ, որպեսզի փոխեն միկրոկլիման։ Հենց Երեւանն անցավ անկախ Հայաստանի ձեռքը, պարզվեց, որ մեր իսկապես աներեւակայական ագահությունը սպանում է ամեն ինչ»,- նկատեց բնապահպանը։
Կարինե Դանիելյանը հիշեցրեց, որ եթե որեւէ օլիգարխ ուզում է ինչ-որ «օբյեկտ» կառուցել կանաչ գոտում, հարցը նրա օգտին է լուծվում։ «Հաղթանակի այգուց սկսած մինչեւ Սարի թաղ՝ ամբողջ տարածքը տրվել է օլիգարխներին առանձնատներ կառուցելու համար, չնայած այդ տարածքն անվտանգ չէ։ Այդ անտառը պատահաբար չէ այնտեղ տնկվել, այն ամրացնում էր այդ տարածքը, որը վտանգավոր է սողանքների առումով»։ Փորձագետի խոսքով, այսօր, երբ բնական աղետների ռիսկերը տարեցտարի աճում են, ու բոլոր քաղաքները ձգտում են հարմարվել նոր պայմաններին, մեզ մոտ ամեն ինչ հակառակն է արվում։ «Հյուսիսային պողոտան ցուցիչ է, թե ինչպես չի կարելի կառուցապատել քաղաքի կենտրոնը, այն էլ մեր բնակլիմայական ու սեյսմիկ պայմաններում։ Շենքերը չափից մոտ են իրար։ Իմ կարծիքով դա մեծ ռիսկի տարածք է»,- նկատեց բնապահպանը
Միաժամանակ Կարինե Դանիելյանը մտահոգություն հայտնեց գազոնները ու ծառերը հանուն կայանատեղիների զոհաբերելու՝ քաղաքապետարանի միտումի կապակցությամբ։ «Գազոնների ոչնչացումը ապօրինի է։ Վստահ եմ, որ իշխանությունները չեն վերականգնի գազոնները, բայց գոնե ծառերը պետք է պահպանել ու վերականգնել։ Դա կարելի է անել փոսիկներում։ Դրանք շատ տեղ չեն զբաղեցնում»,- հիշեցրեց բնապահպանը։ Նրա խոսքով՝ հիմա մշակվել է «կանաչ քաղաք» նախագիծը Երեւանի համար։ «Վերջերս քաղաքապետարանում կայացել է դրա քննարկումը։ Ըստ էության այն ինձ գոհացնում է։ Բացառությամբ մեկ բանի՝ Առողջապահության նախարարության ներկայացուցիչները հրաժարվեցին ընդունել, որ մարդիկ հիվանդանում են բնապահպանականվատ միջավայրի պատճառով»։




























