Ֆիրդուսի շուկայից հարկադրաբար հեռացած վաճառողները հրաժարվում են աշխատել «Հրազդան» տոնավաճառում:
NEWS.am-ի թղթակիցն այսօր եղել է «Հրազդանի» տոնավաճառում, որտեղ նրան հայտնել են, թե ֆիրդուսցիներից մի քանիսն անցած շաբաթ եկել էին, սակայն առեւտուր չէր եղել, որից հետո այլեւս չեն եկել:
«Այս շաբաթ ընդհանրապես չեն եկել, տոնավաճառի վերջում նրանց տեղ են հատկացրել, բայց հենց մի անգամ են եկել, հետո գնացել ու հետ չեն եկել»,- ասացին տոնավաճառի աշխատակիցները:
Տոնավաճառի սեփականատեր, ՀՀԿ–ական նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ ֆիրդուսցիներին լավ պայմաններ են առաջարկել:
«Առաջարկել ենք երկու ամիս անվճար աշխատել, որից հետո վճարել ամսական 30 հազար դրամ։ Անցած շաբաթ մոտ 30 վաճառող գրանցվեց, բայց ոչ մեկն էլ չի եկել, երեւի ավելի լավ պայմաններ են նրանց առաջարկել, տեղյակ չեմ»,- ասաց Աշոտ Աղաբաբյանը:
Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ՝ «Ֆիրդուսի» շուկայի տարածքը ճանաչվել է, որպես հանրային գերակա շահ եւ հիմա ֆիրդուսցի առեւտրականները իրենց ապրանքները տեղափոխում են այլ վաճառակետեր:




























